Վեցերորդ գումարման ՀՀ ազգային ժողովի երրորդ նստաշրջանի ամենաակտիվ ու ամենաշատ բացակայած պատգամավորները «Ծառուկյան» խմբակցությունից են: Ամենաակտիվն եղել է Միքայել Մելքումյանը, իսկ ամենաշատ բացակայած պատգամավորը' Գագիկ Ծառուկյանը:
Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ մոնիտորինգի ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը' ամփոփելով երրորդ նստաշրջանի գործունեության դիտարկման արդյունքները:
«ԱԺ-ի երրորդ նստաշրջանի ամենաակտիվ ու ամենաշատ բացակայած պատգամավորները նույն խմբակցությունից են եղել: Գագիկ Ծառուկյանը շարունակում է գլխավորել ամենաշատ բացակայած պատգամավորների տասնյակը: Իսկ ամենաակտիվը եղել է Միքայել Մելքումյանը»,-ներկայացրեց Վասիլյանը:
Ամենաակտիվ խմբակցությունը ևս ճանաչվել է «Ծառուկյան»-ը' տված հարցերի, ելույթների քանակով: Նախորդ նստաշրջանում ամենաակտիվը «Ելք» խմբակցությունն էր: Ամենապասիվ խմբակցությունը ՀՅԴ-ն է: Լուռ պատգամավորների' միայն քվեարկողների և ելույթ չունեցողների թիվը եղել է մոտ քառասուն: Նրանցից 14-ը եղել են «Ծառուկյան»-ից, իսկ մնացածը' ՀՀԿ-ից: