Միացյալ Նահանգների' միջուկային համաձայնությունից միակողմանի դուրս գալուց հետո Իրանը հայտարարեց, որ իր հետագա քայլերի վերաբերյալ հստակ որոշում կկայացնի միայն Եվրոպայի հետ բանակցություններից հետո: Մի քանի ամիս տևած բանակցություններից հետո Վիեննայում կայացավ «4+1 խմբի» առաջին հանդիպումը՝ արտգործնախարարների մակարդակով:
Թեև Վիեննայի հանդիպման արդյունքներն իրանական կողմին այդքան էլ չէին բավարարել, սակայն ԻԻՀ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հուլիսի վերջին Իրանի դեսպանների հետ ունեցած հանդիպման ընթացքում հստակ հայտարարել էր, որ Եվրոպայի հետ բանակցությունները պետք է շարունակել:
Չնայած օգոստոսի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները վերականգնելու մասին հրամանագրի ստորագրման վերաբերյալ Եվրամիության դիրքորոշումն Իրանը բարձր գնահատեց, սակայն քաղաքական աջակցությունից բացի՝ Իրանը Եվրամիությունից ավելի շատ ակնկալում է իրանական կողմի ձևակերպմամբ՝ «հայտարարություններից անցում իրական քայլերի», այն է՝ նավթի, գազի վաճառքի, բանկային համակարգի, դրամական փոխանցումների հարցում գործուն աջակցություն:
Սակայն ուշագրավ է, որ ինչպես իրանական կողմն է հաստատում, այն կազմակերպությունները, որոնք ամերիկյան պատժամիջոցներից հետո դուրս են եկել Իրանից, դրանք մասնավոր կազմակերպություններ են, որոնք, գնահատելով առկա ռիսկերը, առաջնորդվել են բացառապես իրենց շահով: Հետևաբար Եվրոպան որևէ լուրջ գործիք չունի այդ կազմակերպություններին ստիպելու, որպեսզի մնան և աշխատեն Իրանում:
Նկատենք, որ Իրանի նկատմամբ սահմանված ամերիկյան պատժամիջոցների վերականգնման գործընթացը երկու փուլով է տեղի ունենում: Առաջին փուլը սկսել է գործել օգոստոսի 7-ից, իսկ երկրորդ փուլում, այսինքն՝ ԱՄՆ կողմից միջուկային համաձայնությունից դուրս գալուց 180 օր անց՝ նոյեմբերի 4-ին վերականգնվելու են ֆինանսական և նավթային ոլորտին վերաբերող պատժամիջոցները, որոնք ավելի մեծ վնաս կարող են տալ Իրանի տնտեսությանը:
Իրանի ԱԳ նախարարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Սեյյեդ Աբբաս Արաղչին Իրանի պետական հեռուստաընկերության 4-րդ ալիքին տված հարցազրույցում, անդրադառնալով Իրանի և Եվրոպայի համագործակցության հեռանկարին՝ նշել է, թե Եվրոպան մինչև նոյեմբերի 4-ը պետք է հստակեցնի իր քայլերը և Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների արդյունքում առաջացած խնդիրների լուծման հարցում իրական քայլեր ձեռնարկի:
Փոխարտգործնախարար Արաղչին, որը նաև մասնակցել է Իրանի և «5+1 խմբի» միջուկային ծրագրի շուրջ տեղի ունեցած բանակցություններին և մեծ ներդրում ունի միջուկային համաձայնության ստորագրման գործում, հստակ հայտարարել է, որ եթե մինչև նոյեմբերի 4-ը, Եվրոպան այնպիսի քայլեր չձեռնարկի, որոնք համահունչ կլինեն Իրանի շահերին, ապա Արաղչիի խոսքով՝ կարիք չկա, որ Իրանը մնա միջուկային համաձայնության մեջ:
Մինչ իրանական կողմն իր պահանջներն է ներկայացնում Եվրոպային՝ միջուկային համաձայնություն ձեռք բերելու գործում իր նշանակալի ներդրումն ունեցած եվրոպացի պաշտոնյան՝ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո չի առաջադրելու իր թեկնածությունը: ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուի փոփոխությունը ևս կարող է բացասաբար ազդել միջուկային համաձայնության կատարման ընթացքի վրա:
Անդրադառնալով «4+1 խմբի» շրջանակներում Իրանի և Եվրոպայի համագործակցության հեռանկարին՝ կարծում ենք, միջուկային համաձայնությունն առաջին հերթին ձեռնտու է Իրանին և դրա պահպանումը բխում է Իրանի շահերից, ուստի փոխարտգործնախարարի հայտարարությունը կարելի է դիտարկել որպես ճնշում՝ ուղղված «4+1 խմբին», որպեսզի առաջիկա հանդիպումների ընթացքում Իրանը կարողանա ավելի ամուր դիրքերից բանակցություններ վարել:
Նաև պետք է փաստել, որ ամերիկյան պատժամիջոցներից հետո ստեղծված իրավիճակում, իրատեսական չէ Եվրոպայից ակնկալել քայլեր, որոնք ամբողջությամբ կբավարարեն Իրանի շահերը, հետևաբար քաղաքական այն կամքը, որը ԵՄ-ն ցուցաբերում է միջուկային համաձայնությունը պահպանելու ուղղությամբ, ստեղծված պայմաններում բավական դրական ազդեցություն է ունենում տարածաշրջանի անվտանգության միջավայրի վրա և նպաստում Իրան-Միացյալ Նահանգներ լարվածության թուլացմանը:
Արմեն Իսրայելյան, իրանագետ