Ընտրակաշառք տալը կամ վերցնելը վարչական իրավախախտումից տեղափոխվում է քրեական իրավունքի դաշտ: Կառավարության նախաձեռնությամբ խորհրդարանը քննարկում է ընտրախախտումների դեմ օրինագիծը, ըստ որի՝ խստացվում են ընտրական հանցագործությունների համար պատիժները: Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է 500.000-700.000 դրամ տուգանք կամ 1-3 տարի ազատազրկում, իսկ ընտրակաշառք տալու համար՝ 2.000.000-4.000.000 դրամ կամ ազատազրկում 2-6 տարի ազատազրկում:
Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի կարծիքը օրինագծի վերաբերյալ միանշանակ է՝ կալանք կամ ազատազրկում:
«Ընտրությունների կեղծիքներին ցանկացած ձևով մասնակցելը սահմանադրական կարգի տապալումից ոչ մի բանով չի տարբերվում: Անկախ նրանից՝ Քոչարյանը կարգ է տապալում, իսկ մյուսն ընդամենը 10 000 դրամ է տալիս կամ վերցնում, միևնույնն է՝ սա ևս պետության դեմ կատարվող հանցագործություն է, որի համար պետք է լինի միմիայն ազատազրկում»,- ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում իր տեսակետը հայտնեց Սիրունյանը:
Փաստաբանի խոսքով՝ սեփական ընտրութունները կեղծողը պարզապես տականք է. «Նախագծի գլուխներից մեկում գրված է՝ մարդ է, մեկը տվել է կաշառքը, մյուսը՝ վերցրել, թող տուգանք տան՝ վերջանա: Բայց ի՞նչ տուգանքի մասին է խոսքը, չէ՞ որ պետությունը ձևավորվում է ընտրություններով»,- իր վրդովմունքն արտահայտեց փաստաբանը:
Նշենք, որ երեկ՝ սեպտեմբերի 6-ին, խորհրդարանն ընդունեց նախագիծն առաջին ընթերցմամբ։ Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, արդեն, ԱԺ-ը երկրորդ ընթեցմամբ ամբողջությամբ ընդունեց օրինագիծը։
Ի դեպ՝ երեկ, խորհրդարանում, որոշ պատգամավորներ դեմ արտահայտվեցին օրինագծին՝ նշելով, որ այն որոշակի փոփոխությունների պետք է ենթարկվի, այլապես, իրենք դեմ կքվեարկեն: Մասնավորապես, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանն իր ելույթում նշեց՝ իրենք հանձնաժողովով դրական եզրակացություն են տվել նախագծին բացառապես քաղաքական նկատառումներից ելնելով, այն է՝ չտապապլել կառավարության հրավիրած արտահերթ նիստը, ապա ավելացրեց՝ այս տեսքով օրենքի ընդունումը իրավական տեսանկյունից վտանգավոր է:
«Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչներն էլ նշում էին, որ թեև օրինագծի որոշ դրույթներ շտկման կարիք ունեն, բայց իրենց խմբակցությունը պատրաստվում է աջակցել այս օրինագծին, քանի որ իրենք հանդես են գալիս ինքնին գաղափարի օգտին և գտնում են, որ անհրաժեշտ է խստորեն պայքարել ընտրախախտումների դեմ:
Օրինագծի վերաբերյալ ՀՀԿ խմբակցությունն ուներ հստակ դիրքորոշում և փոփոխությունների առաջարկներ: Դրանք ընդունվեցին, ՀՀԿ-ն՝ կողմ քվեարկեց:
Սոնա Հարությունյան