Էջմիածին քաղաքում երեկ տեղի ունեցավ թիվ 1 հանրակրթական դպրոցի մարզադահլիճի և հարակից շինությունների բացման արարողությունը, որին, չնայած հրավերքին, ներկա չէր Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը: Մարզպետի՝ միջոցառմանը ներկա չլինելը քննարկման առիթ է դարձել. որոշները դա որակում են ընդհուպ՝ որպես արհամարհանք:

Շինարարական աշխատանքներն իրականացրել էր «Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամը, իսկ տվյալ հիմնադրամի նախագահ Արտակ Սերգոյանը ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ իր տեղեկություններով՝ մարզպետն արարողությանը չի մասնակցել զբաղվածության պատճառով: «Պարոն Միրիջանյանը կառավարության դիմաց ակցիա իրականացնող խաղողագործների հետ պետք է հանդիպեր, դրա համար չի կարողացել ներկա գտնվել արարողությանը: Կարծում եմ՝ դա է պատճառը, այլ բան չկա»:

 

Գագիկ Միրիջանյանը ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց. «Աշխաանքային ծանրաբեռնվածության պատճառով չեմ կարողացել ներկա գտնվել այդ միջոցառմանը: Բացի դրանից՝ երեկ ևս 4-5 հրավերք եմ ստացել ու չեմ կարողացել գնալ»:

Նշենք, որ տվյալ արարողությունը պետք է տեղի ունենար սեպտեմբերի 1-ին, սակայն Միրիջանյանի հետ  նախնական պայմանավորվածությունից հետո  այն տեղափոխվել է սեպտեմբերի 6-ը: