ՀՀ Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ զինծառայողը զորացրվելուց հետո առաջին հերթին խնդիր է ունենում կյանքում իր տեղը գտնելու հարցում, և որ նրանք մեծամասամբ կողմնորոշված չեն: Ըստ Բալայանի, Աշխատանքի և սոցիալական հարցերի ու ԿԳ նախարարության հետ միասին ՀՀ ՊՆ-ն ծրագիր է մշակում ծառայության ընթացքում զինվորների կրթության, իսկ զորացրվելուց հետո՝ աշխատանքի տեղավորման համար:
«Կառավարությունը սա դիտարկում է որպես սոցիալական ծրագիր, քանի որ սրանով նաև աշխատատեղեր են ստեղծվում և զորացրված զինծառայողները հավելյալ արդյունք են տալիս»,-ասաց փոխնախարարը:
Այնուհետև, այն հարցին, թե ՊՆ-ն ինչ դիտարկումներ ունի ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ ՌԴ-ում հետախուզման դադարեցման վերաբերյալ, Գաբրիել Բալայանը պատասխանեց. «Բացարձակապես: Պաշտպանության նախարարության իրավասությունների մեջ չի մտնում նման դիտարկում արտահայտելը, քանի որ դա արդեն գտնվում է դատախազության և նախաքննական մարմինների տիրույթում: Ես ձեռնպահ եմ մնում որևէ մեկնաբանություն անելուց»:
Փոխնախարարը հավելեց նաև, որ Ռուսաստանի այս որոշումը որևէ կերպ չի ազդել այն պայմանավորվածությունների և պայմանագրային պարտավորությունների վրա, որոնք կան ՀՀ և ՌԴ միջև:
Իսկ թե ինչպես կարելի է ընդունել ռազմական ոլորտում Ռուսաստանի աջակցությունը Թուրքիային, փոխնախարարը հավաստիացրեց. «Չեմ կարծում, թե ՌԴ-ն որևէ քայլ անելուց առաջ հաշվի չի առնում Հայաստանի գործոնը: Դրանք Ռուսաստանի գործերն են, քանի որ հայ-թուրքական սահմանը բարձր հսկողության տակ է, որում իր մասնակցությունն ունի նաև ՌԴ-ն: Որևէ անհանգստացնող երևույթ մինչ օրս չի դիտարկվել մեր կողմից, մենք չենք գտնում, որ դրանք մեր դեմ են ուղղված»: