ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման պաշտոնական հատվածին մենք ծանոթ ենք, սակայն այս հանդիպումն ունեցել է ստվերային կողմ, որն այդպես էլ մնացել է փակ դռների ետևում։ Ենթադրելի է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հարցեր, որոնք այս պահին օրակարգային են ՀՀ համար և, մասնավորապես, քննարկվել է ՀՀ նախկին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին Հայաստանին արտահանձնելու հարցը։
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում նշեց, որ հանդիպման երկար տևողությունից կարելի է հետևություն անել, որ քննարկվել են մի շարք հարցեր, որոնք, իսկապես, օրակարգային են հայ-ռուսական հարաբերությունների համար։
«Պաշտոնական տեղեկատվությունը չափազանց քիչ է․ ռուսական կողմից ընդհանրապես տեղեկատվություն, տեղեկատվության արտահոսք, կամ էլ ինչ-որ վերլուծություններ դեռևս չեն եղել՝ հաշվի առնելով, որ ոչ աշխատանքային օրեր են Ռուսաստանում։ ՀՀ վարչապետը հարցազրույց է տվել «Коммерсантъ»-ին և ներկայացրել հանդիպման այն հատվածը, որը կարելի է մանրամասն ներկայացնել»,-ասաց միջազգայնագետը՝ նկատելով, որ կարևոր չէ նման հանդիպումներում՝ որ կողմն է նախաձեռնում, կարևորը նման հարցերի քննարկումից հետո որևէ արդյունքի հասնելն է։
Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք փակ հանդիպման ընթացքում քննարկում եղել է Միքայել Հարությունյանի վերաբերյալ, չնայած, որ վարչապետը իր հարցազրույցում նշել էր, որ չեն քննարկել՝ Սարգսյանն ասաց․
«Ես առիթ չունեմ չհավատալու վարչապետի խոսքերին, և եթե ասում է, որ չենք քննարկել հարցը՝ կարծում եմ՝ իրականում չեն քննարկել, որովհետև Հայաստանը համարում է իր ներքին գործը Միքայել Հարությունյանին մեղադրանք ներկայացնելը, իսկ ՌԴ-ն համարում է, որ Միքայել Հարությունյանն իր պետության քաղաքացին է։ Դա ՌԴ Սահմանադրությանը կհակասի, եթե Միքայել Հարությունյանին տրամադրի այլ պետության։ Այստեղ ստացվում է, որ ներպետական իրավունքի գործոնների հետ մենք գործ ունենք։ Այստեղ զարմանալու ոչինչ չեմ տեսնում, որ իսկապես այդ հարցը չի քննարկվել։ Հանդիպումից օրեր առաջ էլ մամուլում տեղեկություններ եղան, որ ՌԴ-ն չի պատրաստվում իր քաղաքացուն հանձնել, ով էլ որ լինի, մեկ այլ պետության»։
Ինչ վերաբերում է խոսակցություններին, որ հայ-ռուսական հարաբերությունները ոչ այնքան լավ ժամանակներ են ապրում, որը, սակայն, ժխտվում է վարչապետի կողմից, ինչը տեղի ունեցավ նաև հանդիպման ժամանակ՝ միջազգայնագետը նշեց, որ նման հանդիպումների ժամանակ հաճախ են լինում ձևակերպումներ հարաբերությունների բարձր մակարդակի մասին։
«Հայ-ռուսական հարաբերությունների մակարդակը բարձր է, սակայն դա չի նշանակում որ չկան որոշակի խնդիրներ, չհասկացվածություն, և չկա որոշակի վստահության բացակայություն։ Ռուսական կողմն ակնհայտ ասում է, որ հայկական կողմի մի քանի պաշտոնյաների ընդհանրապես չի վստահում և չի պատրաստվում աշխատել նրանց հետ։ Նման անկեղծ խոսակցություններ այս հանդիպումների ժամանակ տեղի են ունենում, և կարծում եմ՝ այստեղ կողմերը թաքցնելու ոչինչ չունեն և անկաշկանդ և անկեղծ խոսակցություն են ունեցել»,-ավելացրեց Սարգսյանը։