Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի ցուցակի առաջին համար Հայկ Մարությանը ներկայացրեց իրենց նախընտրական ծրագրի 50 կետերից 9-ը: Անդրադառնալով տրանսպորտի բնագավառում լուծվելիք խնդիրներին՝ Մարությանը խոստացավ, որ կկառուցվի մետրոպոլիտենի առնվազն մեկ կայարան:
«Մետրոյի առնվազն մեկ կայարան ենք կառուցելու Աջափնյակում' «Թումո-ի մոտ: Դա շատ թանկարժեք գործընթաց է, մոտ 50-100 մլն դոլար մեկ կիլոմետրի համար: Մենք գտնելու ենք գումարներն այս ծրագիրն իրականացնելուհամար»,- ասաց Մարությանը՝ նշելով, որ ծրագրվում է ներդնել վերգետնյա, ժամանակակից ավտոբուսներով հագեցած համակարգ:
Հայկ Մարությանն իրենց քաղաքական ուժի հաջողության հասնելու դեպքում առաջարկում է նաև Երևանի վերաբերյալ մեծ հարցերը լուծել հանրաքվեի միջոցով:
«Երևանի վերաբերյալ հանրային հնչեղություն ստացած բոլոր հարցերի շուրջ անցկացվելու են հանրաքվեներ: Այսուհետ ոչ ոքմիաձայն որոշումներ չի կայացնելու: Դրանք լինելու են երկու տեսակի' թվային և դասական հանրաքվեներ»,- նշեց քաղաքապետի թեկնածուն:
Հայկ Մարությանը խոսեց նաև աղբահանության, ցածր գների, ծառատունկերի, մանկապարտեզների, դպրոցների, զբոսաշրջության և այլ հարցերի շուրջ' կոչ անելով սիրել ու մաքուր պահել Երևանը: