ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը գաղտնալսված խոսակցության վերաբերյալ այսօր «Մարիոթ» հյուրանոցում ասուլիսի ժամանակ լրագրողներին ասաց, որ գաղտնալսված խոսակցության մեջ կարող են լինել անճշտություններ, որովհետև երբևէ նրանք չէին կարող ենթադրել, որ կարող է ձայնագրվել և հրապարակվել իրենց խոսակցույթյունը։
Նա նշեց, որ խոսակցության ժամանակ եղել է Ժնև քաղաքում՝ ՀՖՖ նախագահի հետ կապված հարցերով։
Դատավորի հետ խոսակցության վերաբերյալ Վանեցյանը նկատեց, որ ծանոթ չի եղել դատավորին, անգամ նրան չի տեսել։
«Հրաչի հետ ծանոթ չեմ, չեմ տեսել, չեմ խոսել, միայն իմացա, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքի որոշումն է կայացրել։ Դա անհերքելի փաստ է․ ես դատավորի հետ ծանոթ չեմ եղել»,- նշեց Վանեցյանը։
Ռուսների հետ հարաբերությունների և «հազիվ ենք բարիշել» արտահայտության մասով ԱԱԾ պետը նկատեց․
«Դա եղել է երկու մարդու միջև խոսակցություն, որտեղ չի եղել բառերի պահպանում կամ կամ գրական հայերեն խոսք։ Եղել է խոսակցական լեզվով խոսակցություն։ Գաղտնիք չէ, որ թավշյա հեղափոխությունից հետո որոշ շրջանակներ սկսել են տարածել, որ Հայաստանում իրավիճակ է փոխվել, և նոր իշխանությունները փոխում են իրենց արտաքին քաղաքական վեկտորը, այդ մտահոգությունը կար և մեր ռուս գործընկերների մոտ, որը հերքվել է»,-հավելեց Վանեցյանը։
Ինչ վերաբերում է ԱԱԾ պետի հրաժարականին՝ նա նշեց, որ կառչած չէ ԱԱԾ տնօրենի պաշտոնից.
«Ես ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնում եմ շատ մեծ պատասխանատվությամբ և կարծում եմ, որ ունեմ շատ գործեր անելու։ Որ պահին հասարակությունը կներկայացնի պահանջ, որ ես հրաժարական տամ, ես կտամ։ Կամ հասարակությունը կամ իմ ղեկավարը, այսինքն՝ Հանրապետության քաղաքական ղեկավարությունը, որ վայրկյանին կներկայացնի պահանջ՝ ես այդ վայրկյանին կտամ հրաժարական։ Նորից եմ կրկնում՝ ես կառչած չեմ այս պաշտոնից»,-ասաց Վանեցյանը։