Այսօր ՀՀ երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների հրավիրած ասուլիսի ժամանակ անդրադարձ եղավ նաև գաղտնալսման հետ կապված ասուլիսի ժամանակ ԱԱԾ տնօրենի հայտարարությանը, թե Ռոբերտ Քոչարյանը կաշառքով ձեռք է բերել «Կոնգրես» հյուրանոցը։ Փաստաբան Արամ Օրբելյանի կարծիքով՝  այդտեղ որևէ կաշառքի էպիզոդ չկա։

«Ես կցանկանամ երկու հանգամնքի վրա ուշադրություն հրավիրել։ Ամեն անգամ, երբ որևէ խնդիր է առաջանում իրավապահ մարմնի գործունեության մեջ, դրանից շեղելու համար ինչ-որ նոր քրեական գործ է հայտնվում։ Եթե մենք նայում ենք տվյալները, ապա դրանց համաձայն, «Կոնգրես» հյուրանոցը ձեռք է բերվել 2014 թվականին, իսկ այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանը որևէ պետական պաշտոն չի զբաղեցրել արդեն վաղուց, այդ թվում նաև նրա ընտանիքի անդամները վաղուց ինչ-որ պետական պաշտոն չեն զբաղեցրել։ Երբ կլինի գործը, կհասկանանք՝ ինչ է նկատի ունեցել ԱԱԾ տնօրենը։ Բայց այդ գործարքի հետ կապված՝ որևէ կաշառքի էպիզոդ մենք չենք տեսնում»,-հայտարարեց Օրբելյանը՝ հավելելով, որ իրենք ևս զարմացած են արված հայտարարությունից, բայց սպասում են զարգացումներին։