Ազատամարտիկ, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վոլոդյա Ավետիսյանն այժմ  ակտիվ աջակցում է «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին՝ Երևանի քաղաքապետի ընտրություններում հաջողելու համար: «Լևոն Տեր-Պետրոսյանից մինչև Սերժ Սարգսյան՝ կուսակցություններից մեծ մասի լիդերները թալանել են ժողովրդին: Ինձ համար անբասիր ու փորձառու կուսակցության լիդերը  եղել է Զարուհի Փոստանջյանը, դրա համար էլ հիմա նրան եմ աջակցում»,-ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Վոլոդյա Ավետիսյանը:

Չնայած Փոստանջյանին սատարելուն՝ Ավետիսյանը շեշտեց, որ որևէ կուսակցությունում իրեն չի պատկերացնում, քանի որ «բոլորի նպատակն էլ գումարներ շորթելն ու նեղ կուսակցական, անձնական շահերն են»: Այն դիտարկմանը, թե «Քաղաքացիական պայմանագիր»-ը և նոր ձևավորվող «Սասնա Ծռեր» կուսակցությունների նպատակն է՞լ է նույնը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ծռերի կուսակցությունը միանշանակ մաքուր է: Նրանք մաքուր տղաներ են ու ստիպված են կուսակցություն բացում, երկրում ստեղծված իրավիճակից դրդված: Իսկ ՔՊ-ի մասով ոչինչ չեմ կարող ասել, բայց վարչապետ Փաշինյանի այսօրվա կառավարումն ու մոտեցումներն ինձ դուր չեն գալիս, քանի որ այսօրվա իշխանության 99%-ը դեռևս մարդասպան, բռնապետական ռեժիմի կամակատարներն են, դատական համակարգն անկախ չի, ու մինչև հիմա կաշառակերությունը շարունակվում է:

Մարդիկ մոտենում ու ասում են, որ այս կամ այն հարցով իրենցից գումար են պահանջում: Ես չգիտեմ՝ հիմա դատարանի վրա ով է ազդում, բայց դեռևս ոնց ուզում, այնպես էլ անում են: Օրինակ՝ Շանթ Հարությունյանն ինչո՞ւ ազատության մեջ չէ: Իսկ Ծռերին էլ ազատեցին, քանի որ հեղափոխություն է եղել, ժողովուրդն է ելել ոտքի: Ուղղակի, ինձ դուր չի գալիս, որ ամեն ինչ երկարում է»: 

Վերջում Վոլոդյա Ավետիսյանը նշեց, որ դեռ չի որոշել՝ «Ծռերի՞ն» կմիանա առաջիկայում, թե՞ Զարուհի Փոստանջյանին, միևնույն ժամանակ, հավելելով, որ այս պահի դրությամբ՝ պատրաստվում է նաև «Սասնա Ծռեր» կուսակցության ստեղծման՝ սեպտեմբերի 25-ին կայանալիք համագումարին և մարդկանց է հավաքագրում

Արմինե Միքայելյան