«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Մայիսին ԱԺ-ն հաստատելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագիրը, համաձայնվեց մեկ տարվա ընթացքում ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու դրույթին: Սակայն հիմա չի բացառվում, որ այդ ընտրությունները տեղի չունենան: Համենայն դեպս, այս հարցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնվել է փաստի առաջ:
Բանն այն է, որ Երեւանի ավագանու ընտրությունների քարոզչական թոհուբոհում Փաշինյանի կառավարության անդամ ուժերի միջեւ կրքերը լարված են, նրանք միմյանց հասցեին մեղադրանքներ ու սպառնալիքներ են հնչեցնում: Եւ սխալված չենք լինի, եթե ասենք, որ համաձայնության կառավարությունը կանգնած է փլուզման եզրին, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ իր դաշնակիցներին կորցնելու ճանապարհին:
Արդեն իսկ արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցում խորհրդարանում առկա ուժերից ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ «Ելք»-ում ներկայացված մի քանի պատգամավորներ դեմ են արտահայտվում արտահերթ ընտրություններ անցկացնելուն` ասելով, թե կարող են դեմ քվեարկել այդ կապակցությամբ նախագծերին: Այսինքն՝ Փաշինյանը եթե նախաձեռնի սահմանադրական փոփոխություններ (դրանում նախատեսելով ԱԺ ինքնալուծարման համար դրույթներ), միգուցե չկարողանա ԱԺ-ում այն անցկացնել:
Մյուս կողմից ԱԺ-ն գործող սահմանադրության դեպքում կարող է իրավունքի ուժով արձակվել, եթե վարչապետը հրաժարական ներկայացնի ու երկու անգամ նոր վարչապետ չընտրի: Բայց այս հեռանկարն էլ վտանգավոր է, քանի որ այդ դեպքում հնարավոր է ներպալատական հեղաշրջում իրականացվի. ՀՀԿ-ն կարող է այլ թեկնածու առաջադրել եւ խորհրդարանական մյուս ուժերի հետ այլ վարչապետ ընտրել»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում :