ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղաքականություն վերադառնալու հայտարարությունից հետո վերջին շրջանում ակտիվություն է ցուցաբերում, մասնավորապես, հարցազրույցներով։ Վերջին շրջանում նա հասցրել է հարցազրույցներ տալ հայկական մի քանի լրատվամիջոցի և ռուսական НТВ հեռուսատաալիքին և Коммерсанть-ին։

Հարցազրույցների բովանդակությունները գրեթե կրկնվում են, սակայն ուշագրավ է ռուսական լրատվամիջոցներին տրված հարցազրույցները։ Коммерсант-ին տրված հարցազրույցի ժամանակ նա անդրադարձել է իր ծննդյան օրվա առթիվ Վլադիմիր Պուտինի շնորհավորանքին։ «Այս զանգը լուրջ աջակցություն է, բայց ես երբեք չեմ հանրայնացրել նման հարաբերությունների առկայությունը»,- ասել է Ռ․ Քոչարյանը։

 

Սա հարցեր է առաջացնում՝ ինչո՞վ է պայմանավորված  ռուսական լրատվամիջոցներում նման ակտիվությունը Ռոբերտ Քոչարյանի կողմից և ինչո՞ւ է նա հաճախ փորձում օգտագործել իր և ՌԴ նախագահի մտերմիկ հարաբերությունները։ Այս հարցերի շուրջ ԼՈւՐԵՐ․com-ը զրուցեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ, որը նշեց, որ հաշվի առնելով, որ հայ հասարակության զգալի մասի համար շատ կարևոր է Ռուսաստանի դիրքորոշումը ՀՀ իշխանությունների նկատմամբ՝ Երկրորդ նախագահը հասարակության այդ հատվածի համար շեշտում է իր և ՌԴ նախագահի մտերմիկ հարաբերությունների մասին։

«Հասարակության մեջ մի մեծ խավ կա, որի կարծիքով, Հայաստանում իշխանություններ չեն կարող ձևավորվել առանց Ռուսաստանի։ Հաշվի առնելով հասարակության այդ հատվածի դիրքորոշումը, Ռոբերտ Քոչարյանն անընդհատ խոսում է իր լավ հարբերությունների մասին Պուտինի հետ՝ հույս ունենալով, որ իր ցածր վարկանիշըը հասարակության մեջ կբարձրանա»,-նշեց քաղաքագետը։

Անդրադառնալով Ռուսաստանի հնարավոր միջամտությանը Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն մուտք գործելուն՝ քաղաքագետը նկատեց, որ Պուտինի արտահայտած ցանկացած դիրքորոշում Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա որոշակի ազդեցություն է ունենում։

 

«Ռուսաստանը, իր դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ արտահայտելիս,  հաշվի է առնում ոչ թե անձնական հարաբերությունները այլ իշխանությունների դիրքորոշումը։ Ուրիշ բան, որ միջնորդավորված ազդեցություն կարող է լինել, քանի որ ՌԴ նախագահի արտահայտած ցանկացած դիրքորոշում՝ ներքաղաքական իրավիճակի վրա ազդեցություն է ունենում և Ռոբերտ Քոչարյանը շատ վարպետորեն փորձում է դա օգտագործել»,-ասաց Բաղդասարյանը և հավելեց, որ շնորհավորանքները, անձնական հարաբերությունները կամ Հայաստան կատարվող այցի ընթացքում առանձին հանդիպում ունենալը կլինի անուղղակի աջակցություն, բայց ուղղակի աջակցություն չի լինի, որովհետև դա ուղղակի կդիտվի միջամտություն Հայաստանի ներքին գործերին և հասարակության մեջ բացասական էմոցիաներ կառաջացնի ՌԴ նկատմամբ։

Արմինե Արմենակյան