Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Լյուկ Կարվունասի և Ալֆորվիլի քաղաքապետ ՄիշելԺերշինովիչի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 27-ին այցելեց Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:
Պատվիրակության կազմում էին նաև Ալֆորվիլի քաղաքապետարանի աշխատակիցներ և ՀՅԴ Ֆրանսիայի կառույցի ներկայացուցիչներ:
«Այստեղ Հայաստանի ողջ պատմությունն է: Հիշում եմ`երեք տարի առաջ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ այցելեցինք Ծիծեռնակաբերդ: Մենք`ֆրանսիացիներս, մեր առաքելությունն ենք համարում երկխոսություն հաստատել, համատեղ ծրագրեր իրականացնել Հայաստանի, հիմա նաև Արցախի հետ»,-ասաց Լյուկ Կարվունասը:
Նա շեշտեց, որ երկու օր առաջ եղել է Արցախում և տեսել, որ Արցախի նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը և Բերձորի քաղաքապետը համագործակցության հետ կապված մեծ սպասելիքներ ունեն:
Կարվունասի խոսքով` Ալֆորվիլի և Բերձորի միջև բարեկամության հռչակագրի ստորագրումը քաղաքական գործընթաց է: «Երբ Ադրբեջանը իրավապահների միջոցով ճնշում է գործադրում Ալֆորվիլի վրա, դա նույնպես քաղաքական գործընթաց է: Չնայած այդ ճնշումներին` Ֆրանսիայում կան քաղաքապետներ, որոնք Հայաստանի և Արցախի կողքին են, և մենք հույս ունենք Բերձորի հետ մշակութային համագործակցություն իրականացնել, համայնքային կառավարման տեսանկյունից մեր փորձը փոխանցել նրանց և երկարատև նախագծեր կյանքի կոչել»,-ընդգծեց պատգամավորը:
Լյուկ Կարվունասը շեշտեց, որ երեկ հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ: «Խոսել ենք Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության, Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասին: Հայաստանում իրողությունները փոխվում են, և ես հույս ունեմ, որ Ֆրանսիան, որպես Մինսկի խմբի անդամ, կարող է հաջողության հասնել Արցախի ճանաչման հարցում»,-եզրափակեց պատգամավորը:
Ալֆորվիլի քաղաքապետ Միշել Ժերշինովիչն ասաց, որ գոհ ու երջանիկ է Բերձորի հետ բարեկամության հռչակագրի ստորագրության կապակցությամբ: «Մենք ճնշումների ենք ենթարկվել Ադրբեջանի կողմից, բայց չենք զիջել, դիմակայել ենք և ստորագրել այս համաձայնագիրը»,-փաստեց քաղաքապետը:
Անդրադառնալով Արցախ կատարած այցին` նա նշեց, որ հանդիպել է ժողովրդի, որը քաջ է ու ցանկանում է պայքարել իր հույսի, ապագայի համար:
Հայաստան ժամանած հյուրերը սեպտեմբերի 25-ին Բերձորում մասնակցել են Բերձորի և Ալֆորվիլի բարեկամության հռչակագրի ստորագրության արարողությանը։ Հռչակագիրը նախաստորագրվել էր 2017 թ. նոյեմբերի 20-ին՝ տեսակապիմիջոցով։ Այս կապակցությամբ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանությունը մեծ աղմուկ էր բարձրացրել և դատական գործ հարուցել։ Ալֆորվիլի նախկին քաղաքապետ Լյուկ Կարվունասը սեփական նախաձեռնությամբ սկսեց Բերձորի հետբարեկամության պայմանագիր ստորագրելու գործընթացը: Նա Ֆրանսիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահն է և Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամ։ Ալֆորվիլը «քույր քաղաքի» պայմանագիր ունի նաև Արագածոտնի մարզի Օշական համայնքի հետ, որտեղ պատվիրակությունն այցելելու է Ծիծեռնակաբերդ այցից հետո: