Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն: Ինչպես տեղեկացրին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության լրատվական ծառայությունից, ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը բաց ու անկեղծ զրույց է սկսել մասնավորապես հայ-ռուսական տնտեսական կապերի առկա վիճակից ու բացթողումներից, ինչի մասին շատ անգամ արտահայտվում են չափից ավելի զուսպ վերապահությամբ:
Արսեն Ղազարյանը հույս է հայտնել, որ Հայաստանը և Ռուսաստանը միասին պետք է հաղթահարեն համաշխարհային ճգնաժամը և Հայաստանում դրան ածանցյալ մարտահրավերները: Նա կարևորել է առաջիկայում Սոչի քաղաքում կայանալիք ԵԱՏՄ գործարար խորհրդի նիստը, որին մասնակցելու է նաև Միության պատվիրակությունը: Նրա գնահատմամբ՝ դա կարևոր հարթակ է նաև միջպետական տնտեսական կապերի զարգացման առումով:
ՀԱԳՄ նախագահը առանձնապես նշել է Հարավկովկասյան երկաթուղու գործունեությանն առնչվող խնդիրները, որ բեռնափոխադրումների գործում հարկավոր է առավել արդյունավետ կազմակերպել աշխատանքները և չփոշիացնել նյութական միջոցները: Մասնավորապես, այս մտահոգության վերաբերյալ դեսպան Սերգեյ Կոպիրկինը խոստացել է դեսպանությունում քննարկել իրավիճակը և աջակցել խնդիրների լուծմանը:
ՀԱԳՄ փոխնախագահ Հայկազ Բախշեցյանը նշել է, որ Հայաստան–ԵԱՏՄ և Հայաստան-Եվրամիություն միաժամանակյա համատեղ գործակցության նոր մշակույթ է ձևավորում Հայաստանը, ինչը կարող է շահեկան լինել նաև Ռուսաստանի համար:
Խոսելով առանձին թերացումների մասին՝ «Ռուսալ-Արմենալ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գեորգի Ավետիքյանը խոսեց հատկապես ամբողջ Եվրոպայում խոշորագույնը այդ ձեռնարկության համար մեծ ծավալով գլանման յուղի՝ Ռուսաստաանից առաքման խաթարումների մասին, ինչը երբեմն ստիպում է նոր մատակարարներ որոնել:
Գործակցության զարգացման առանձին հարցեր կարևորել են նաև ՀԱԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը և Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցչության ղեկավար Անդրեյ Բաբկոն: Հանդիպումն անցել է բացառիկ անկեղծ մթնոլորտում: