Ճապոնիայում շրջագայությունից հետո՝ Ֆրանսիայի հարավում գտնվող իր վիլլայում հոկտեմբերի 1-ին 94 տարեկանում մահացավ աշխարհահռչակ շանսոնյե, պոետ, կոմպոզիտոր, դերասան Շառլ Ազնավուրը՝ չիրականացնելով իր վաղեմի երազանքներից մեկը՝ համերգով հանդես գալ 100-ամյակի օրը։

«Ես համերգ եմ նախատեսել 2024-ի մայիսի 22-ին՝ իմ 100-րդ տարեդարձի օրը: Իսկ հետո՝ տեսնենք: Եվ ինչո՞ւ պիտի ավարտեմ իմ կարիերան: Որպեսզի մեռնե՞մ տանը՝ բազկաթոռին նստա՞ծ: Ո՛չ, շնորհակալ եմ»,- այս մասին շուրջ մեկ ամիս առաջ հայտարարել է լեգենդն իր հարցազրույցներից մեկում։Մարդկային բարձր արժեքներով օժտված Ազնավուրը սիրում էր խոսել իր հաջողություններից, ձախողումներից։ Անգամ իր հարցազրույցներում անկեղծանում էր, թե ինչպես է հաջողացրել 51 տարի շարունակ ապրել իր կնոջ՝ Ուլլա Տորսելի հետ։ 

Ազնավուրն իր երեք ամուսնություններին հետաքրքիր բնորոշում է տվել՝ «երբ երիտասարդ էի», «երբ հիմար էի» և «երբ վերջապես ամուսնացա»։ Նրա համար կյանքը բաժանվում է նաև այս երեք ամուսնությունների մեջ, քանի որ դրանք շրջադարձային են եղել իր համար։

«Առաջին անգամ ամուսնացա, երբ շատ երիտասարդ էի: Երկրորդ անգամ՝ երբ շատ հիմար էի: Երրորդ անգամ վերջապես ամուսնացա այն կնոջ հետ, որի մասին միշտ երազել եմ՝ բաց աչքերով և մետաքսանման մաշկով շիկահերի: Բացի այդ, Ուլլան ինձանից 17 տարով փոքր է: Տարիքային գերազանց տարբերություն, կարծում եմ: Իսկ ընդհանրապես, տևական ամուսնության գաղտնիքը հետևյալն է՝ առավելագույնս բնական լինել դիմացինի հետ և միշտ ասել միմյանց այն, ինչ ուզում ես: Թեև հիմա ես բոլորին եմ ճշմարտությունն ասում: Կարող եմ ինձ թույլ տալ այս տարիքում՝ ես հիմա կարծես սրբազան կով լինեմ»,-անկեղծացել է Ազնավուրը: 

 

Գինիների ու շամպայնների մեծ սիրահար Շառլը աչքի էր ընկնում նաև իր երկարակեցության գաղտնիքով, առույգությամբ և կրեատիվությամբ, վերջինս իր հարցազրույցներից մեկում կիսվել է նաև դրանց մասին։ «Ես ամեն օր 340 մ լողում եմ գոտկատեղիս ծանրություն ամրացնելով: Միշտ ուտում եմ ափսեում եղածի կեսը: Արդեն 40 տարի է չեմ ծխում, թեև երբեմն կարող եմ ինձ երես տալ՝ սիգար վայելելով: Հիմա ես բոլորին եմ ճշմարտությունն ասում, երևի իմ այս տարիքում կարող եմ դա ինձ թույլ տալ, այդ պատճառով ուզում եմ անկեղծանալ նաև, որ հիմա կարծես «սրբազան կով» լինեմ»,- ասել է Շառլ Ազնավուրը: 

Հիշեցնենք, որ երեկ՝ Փարիզի հանրահայտ Հաշմանդամների տուն հուշահամալիրում տեղի ունեցավ լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգեհանգիստը: Ազնավուրի աճյունը պատված էր Ֆրանսիայի ազգային դրոշով և այն հուշահամալիրի կենտրոնական հրապարակ բերվեց «Դլե յաման» երաժշտության ներքո՝ դուդուկի կատարմամբ:

Շառլ Ազնավուրի աճյունի կողքին տեղադրված էր Հայաստանի դրոշի գույներով ծաղկեպսակ, իսկ  հոգեհանգստի արարողությունը ֆրանսիացիներն  անվանել են «Հարգանքի ազգային տուրք»:

Ազնավուրը շուրջ հազար երգի հեղինակ է,  այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Լեգենդը 1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամը, իսկ ՅՈւՆԵՍԿՕ-ում ՝Հայաստանի մշտական դեսպանն էր։