Հոկտեմբերի 10-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղից դեպի հարավ ընկած հատվածում։ Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից:
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնական Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա)։
Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնական Գենադիե Պետրիկան (Մոլդովա), ինչպես նաև ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Մարտին Շուստերը (Գերմանիա)։
Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։