Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները երեկ կրկին փակել էին միջպետականն ճանապարհն ու երկաթգիծը, նրանց պահանջը նույնն էր՝ չփակել գործարանը և չոտնահարել իրենց իրավունքները։ 

Տևական ժամանակ է՝ մեր հեռախոսազանգերին չի պատասխանում  «Վալլեքս» խմբի ընկերությունների տնօրեն Վալերի Մեջլումյանը։ ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության տարածաշրջանային տնօրեն Նիկոլայ Ֆեոֆանովի հետ։ Ֆեոֆանովը բացատրեց, որ «Վալլեքս» խմբի ընկերությունների մեջ մտնող «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության Ալավերդու պղնձաձուլական գործարանը  տարիներ շարունակ շուրջ  500 մլն. դոլար վարկի դիմաց գրավադրված է եղել «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ում՝ «Թեղուտ» ՓԲԸ-ն կառուցելու համար։ 

 

Սակայն ուշագրավն այն է, որ Թեղուտի գործարանի կառուցումից հետո Ալավերդու գործարանը շարունակում է մնալ ՎՏԲ բանկում, որպես գրավ։ «Դե, մենք Ալավերդու գործարանը գրավ էինք դրել՝ մյուսը կառուցելու համար, սակայն կառուցեցինք-վերջացրինք, ու էլի մեր գործարանը մնաց «զալոգ»։ Հիմա էլ ՎՏԲ բանկը հերթով մեր աշխատակիցներին հեռացնում է աշխատանքից»,-մեզ հետ զրույցում ասաց Ֆեոֆանովը։

Հարցին, թե ինչպե"ս կարող  է բանկը հեռացնել գործարանի աշխատակիցներին, Ֆեոֆանովը պատասխանեց․ «Դե, մենք այդպես էլ մնացինք բանկում գրավ, դրա համար՝ ինչ ուզում, անում են»։ 

Այս հարցի վերաբերյալ  «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ից մեզ հետ զրույցում մանրամասնեցին, որ այսուհետ «Վալլեքս» խմբի ընկերությունների մեջ մտնող «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության Ալավերդու պղնձաձուլական գործարանը «ՎՏԲ- Հայաստան բանկ»-ի սեփականությունն է համարվում, քանի որ գրավը ժամանակին մուծված չէ։ 

Իսկ ինչ միջոցներ են ձեռնարկվում Ալավերդու գործարանի բնականոն աշխատանքները շարունակելու համար, Նիկոլայ Ֆեոֆանովը մեզ պատասխանեց, որ այդ թեմայով քիչ անց հանդիպում են ունենալու Լոռու նորանշանակ մարզպետ Անդրեյ  Ղուկասյանի հետ։ 

 

Նշենք, որ  «Վալլեքս» խմբի ընկերությունների մեջ մտնող «Թեղուտ» ՓԲԸ-ի գործունեությունը անորոշ ժամանակով դադարեցված է, ընկերության շուրջ 1200 աշխատողները դարձել են գործազուրկ։ Այժմ նույն ճակատագիրն է սպասվում նաև Ալավերդու պղնձաձուլական գործարանին, որը քաղաքի համար հիմնական աշխատատեղեր ապահովողն է և որի գործունեության դադարեցումը շրջադարձային կարող է լինել ոչ միայն աշխատակիցների, այլեւ երբեմնի մետալուրգիական քաղաքի համար՝ ընդհանրապես։

Լոռու մարզպետի հետ հանդիպման մանրամասների մասին կտեղեկացնենք մեր հաջորդ հրապարակման մեջ։

Արմինե Միքայելյան