Այսօր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի ժամանակ ելույթ ունեցավ նաև Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն: Նա նախ շնորհակալություն հայտնեց այսպիսի գագաթնաժողովի կազմակերպման համար:
Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունը տիրույթ է, որտեղ պետությունները կարող են լսել միմյանց, և երկիրն այդ տիրույթի լիիրավ անդամ է՝ լինի 99, թե 9 մլն բնակչությամբ:
«Միասին մենք կարողացել ենք ստեղծել մի տիրույթ, որտեղ առաջնորդվում ենք իրար հանդեպ հարգանքով, որտեղ մեր պետությունները կարող են զարգանալ, լսել իրար ու այս ամենը ֆրանսերենով: Ձեր երկիրը ունենա 99 մլն բնակչություն, թե 9 մլն, դուք լիիրավ անդամ եք այս կազմակերպության: Մենք պետք է համախմբենք ոչ միայն մեր ճառերի, այլև այն ապագայի շուրջ, որը ցանկանում ենք կառուցել: Այս գագաթնաժողովը կայանում է շատ կարևոր մի պահի: Մենք պարտավոր ենք վերաիմաստավորել միասին ապրելու մեր կարգախոսը, քանի որ մարտահրավերները կարող ենք հաղթահարել միայն միասին ապրելու կարգախոսի տիրույթում: Շատ քաղաքացիներ իրենց հեռու են զգում գլոբալիզացիայից: Բնիկ ժողովուրդներ կան շատ, որոնք նույնպես իրենց մոռացված են զգում ժամանակակից աշխարհի խոստումներից: Սակայն ոչ մի երկիր չի կարող գրանցել հաջողություններ առանց բոլորի մասնակցության՝ անկախ նրանց կրոնական ու այլ պատկանելությունից: Ֆրանկոֆոն երկրները լավագույնն են դիրքավորված այս արժեքների առաջամարտիկներ լինելու համար: 10 ամենաարագ զարգացող պետություններից 5-ը ֆրանկոֆոն պետություններ են»,- ասաց Թրյուդոն:
Կանադայի վարչապետը կարևորեց Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունում հատկապես աֆրիկյան երկրների ներկայացվածությունը:
«Աֆրիկան այսօր հանդիսանում է Ֆրանկոֆոնիայի շարժիչը՝ հաշվի առնելով բնակչությունը և զարգացման տեմպը: Մեր պատասխանատվությունն է՝ մեր երիտասարդությանը հավասար հնարավորություններ ընձեռել սովորելու ու հաջողություններ գրանցելու: Կանադան ակտիվորեն մասնակցում է Մալիում ՄԱԿ-ի գործառույթներին: Այսօր կարող եմ ուրախությամբ արձանագրել, որ Մալիում գրանցվում են հաջողություններ կանանց իրավունքների հարցում: Այնտեղ նվազում է խտրականությունը: Սա մեր գործառույթներից մեկն է Աֆրիկայում: Մենք աֆրիկյան մայրցամաքի համար ցանկանում ենք լինել երկարաժամկետ գործընկեր: Կանադան կշարունակի պաշտպանել Ֆրակոֆոնիայի արժեքները, որոնք մարդու իրավունքներն են»,- նշեց Կանադայի վարչապետը: