Հոկտեմբերի 13-ին տեղի կունենա Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի երդմնակալության արարողությունը, իսկ դրանից օրեր առաջ, մեկը մյուսի հետևից հրաժարականի դիմումներ ներկայացրին Էրեբունի և Արաբկիր վարչական շրջանների ղեկավարները։

ԼՈՒՐԵՐ.com-ը հետաքրքրվեց Նուբարաշեն վարչական շրջանի ՀՀԿ-ական ղեկավար Արթուր Կիրակոսյանից, թե նա և՞ս պատրաստվում է գնալ նույն ճանապարհով, ինչ մյուս երկու ղեկավարները, Կիրակոսյանը պատասխանեց․ «Ոչ այո է, ոչ էլ՝ ոչ։ Չգիտեմ դեռ՝ ինչպես կստացվի: Այս պահին բան չեմ կարող ասել, լրացուցիչ կասեմ հետո։ Ժամանակը ցույց կտա»։

 

-Ունե՞ք արդյոք մտավախություններ Հայկ Մարությանի պաշտոնավարման հետ կապված։

-Ո՛չ, ես ոչ մի մտավախություն էլ չունեմ, մաքուր աշխատել եմ։ Կարող եք մեր վարչական շրջանի բնակիչներին հերթով հարցնել, թե ինչպես է իմ թիմն աշխատել։ Ես հույս ունեմ, որ այդպես էլ կշարունակվի և իմ թիմի հետ միասին կաշխատեմ մեր վարչական շրջանում։

-Ստացվում է՝ Ձեր՝ պաշտոնին մնալ-չմնալու հարցում լուրջ մտավախություննե՞ր ունեք, և, միևնույն ժամանակ, ցանկանում եք մնալ ու աշխատե՞լ տվյալ պաշտոնում։

-Չէ, չէ ես նման բան չասացի։ Ես միշտ աշխատել եմ ի բարօրություն Նուբարաշենի։ Եթե ցանկություն ունենան, ես պատրաստ եմ նորից աշխատելու մեր բնակիչների համար։

Պարո՛ն Կիրակոսյան, այսինքն, Դուք ուզում եք մնալ այդ պաշտոնին։

-Էլի եմ կրկնում, ես այս պահին իմ դիրքորոշման մասին ոչինչ չեմ կարող ասել։

Արմինե Միքայելյան