Խոշտանգման կասկածանքով ձերբակալված ոստիկաններ Թաթուլ Գևորգյանի, Վահագն Միքայելյանի և Սահակ Դավթյանի հարազատները փակել են Երևան-Սևան մայրուղին։
Մեղադրյալների հարզատները պնդում են, որ այն մարդուն ում իբրև թե խոշտանգել են, դատվածություն ունի և նախապես ներքաշվել է ծեծկռտուքի մեջ, այնուհետև մեղքը բարդել ոստիկանների վրա։ Նրանք պնդում են, որ մինչև ազատ չարձակվեն իրենց հարազատները, ճանապարհը չի բացվելու։
Դեպքի վայրում են ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, ՀՀ կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն ու Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
Նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունը երեկ տեղեկություն էր տարածել, ըստ որի' ձերբակալվել են Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետն ու նույն բաժանմունքի երկու օպերլիազորները։
Նրանց կասկածում են ՀՀ ոստիկանության Սևանի բաժնում խմբի կազմում Ա. Մ.-ին խոշտանգելու մեջ: Ա. Մ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայություն դիմում էր ներկայացրել այն մասին, որ 2018 թվականի հոկտեմբերի 7-ին ոստիկանության Սևանի բաժնի երեք աշխատակիցներ Սևան քաղաքում գործող բուքմեյքերական ընկերության գրասենյակի մոտից իրեն տեղափոխել են ոստիկանության Սևանի բաժին և ծեծի ենթարկել: Նախաքննությունը շարունակվում է: