Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը արդեն մի քանի ամիս է ինչ հանրությանը հույսով է անում, խոստանալով լայնածավալ ստուգումներ սկսել հանրապետության բոլոր ԲԿ-ում: Ինչ խոսք, շատ ողջունելի նախաձեռնություն է, սակայն սայլը տեղից ինչպես ասում են՝ չի շարժվում: Թորոսյանի թիրախում մինչ այս պահը հայտնվել է միայն Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն, որի ղեկավարի պաշտոնում իր ցանկալի անձին բերելուց հետո, ըստ Թորոսյանի, բոլոր խախտումները մեկ ակնթարթում վերացել են, մինչդեռ ԲԿ-ում օրեցօր ավելանում են դժբախտ պատահարները և բողոքները:
Նշանակման պահից ի վեր Արսեն Թորոսյանը խոսում է առողջապահական մաֆիայի մասին: Տպավորություն էր ստեղծվել, որ նախարարը իրոք պատրաստվում է ջարդել այդ մաֆիայի «ողնաշարը», սական Թորոսյանը անչափ գթասիրտ գտնվեց այդ պայքարում: Ստացվում է՝ ողջ համակարգում միայն Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն էր կոռուպցիայի որջ, իսկ մնացած ԲԿ-ներում՝ Սերժ Սարգսյանի ասած՝ «թղթերով ամեն ինչ նորմալ է»: Ի դեպ, դա շատ հնարավոր է հաշվի առնելով, թե ում են պատկանում մնացած ԲԿ-ները: Նախարարի ձեռքերը ոչ մի կերպ չեն հասնում Արա Բաբլոյանի, Սամվել Ալեքսանյանին, Արկադի Համբարձումյանի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, օլիգարխների ԲԿ-ներին: Նշված անձանց գրեթե բոլոր բիզնեսներում «թղթերով ամեն ինչ նորմալ է», սակայն մի փոքր ավելի խորքային վերլուծությունը կարող է վեր հանել աստղաբաշխական թվերի հասնող խախտումներ, հաշվի առնելով նաև ոլորտի եկամտաբերությունը: Նույն Թորոսյանն էր ի դեպ, որ հայտարարում էր թե «վիշապը պետք է գլխատվի»: Սակայն այս պահին տպավորություն է, որ պայքարում վիշապը շատ ավելի ուժեղ է գտնվել:
Ի՞նչն է խանգարում Արսեն Թորոսյանին մտնել նաև այս ԲԿ-ներ: Գուցե նա ի սկզբանե ճիշտ չէր գնահատել իր դիրքերը, որոնք անչափ թույլ են առողջապահական մաֆիայի դեմ պայքարելու համար, չի բացառվում նաև, որ նախարարը պարզապես անցավ գլուխը ցավի տակ դնելու ցանկություն չունի: Կա ևս մեկ՝ քիչ հավանական տարբերակ, դա այն է, որ Թորոսյանը իր բոլոր ընկերներին արդեն տեղավորել է աշխատանքի և քանի դեռ նոր թեկնածուներ չկան՝ աամվելալեքսանյանները կարող են հանգիստ շունչ քաշել: Իսկ նախարարը այդ ընթացքում աշխատանքի իմիտացիայով կզբաղվի՝ լուծելով Հայաստանի առողջապահական համակարգի առջև ծառացած թիվ մեկ օրակարգային հարցը՝ նա կպատժի ծխողներին:
Ս.Խաչատրյան