ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը շնորհավորական ուղերձ է հղել Գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։
«Հարգելի՛ գործընկերներ,
Պատիվ ունեմ որպես ՀՀ գյուղատնտեսության ոլորտի գլխավոր պատասխանատու շնորհավորել ձեզ մասնագիտական տոնի առթիվ:
Մաղթանքս է, որ գյուղատնտեսությունը մեր երկրում դառնա նորարարական, բարձր շահութաբերություն ապահովող, մրցունակ ոլորտ: Վստահ եմ՝ դրան հասնելու ճիշտ ճանապարհին ենք և անպայման հաջողելու ենք:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Գյուղատնտեսությունում նոր տեխնոլոգիաների, նոր գիտելիքի կիրառումը, ագրոբարեփոխումների լայն թափով իրականացումն այլընտրանք չունեն: Հապաղելու ժամանակ չունենք և պետք է ուժերի առավելագույն լարմամբ համատեղ ջանքերով հասնենք լավագույն արդյունքի:
Գյուղատնտեսությունը երկրի և տնտեսության համար ռազմավարական ոլորտ է և հանդիսանում է կառավարության առաջնահերթություններից: Շարունակելու ենք ուշադրություն դարձնել ինտենսիվ այգիների ու ոռոգման արդիական համակարգերի ներդրման խթանմանը, սուբսիդավորման ծրագրերի արդյունավետության բարձրացմանը, սերմնաբուծության զարգացմանը, գյուղատնտեսական կենդանիների տոհմային և մթերատու հատկանիշների բարելավմանը, գյուղատնտեսական կոոպերացիայի խթանմանը, գինեգործական արտադրանքի մրցունակության և վարկանիշի բարձրացմանը, ապահովագրական համակարգի ներդրմանը:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս այս հիշարժան օրվա առթիվ և ցանկանում եմ երախտիքի խոսք ուղղել ֆերմերներին, գիտնականներին, գործարարներին և գյուղատնտեսության ոլորտի բոլոր աշխատակիցներին իրենց ամենօրյա նվիրված աշխատանքի համար, որը գուցե երբեմն ըստ արժանվույն չի գնահատվում:
Մաղթում եմ Ձեզ բարեկեցություն, միշտ լի ու բերքառատ տարիներ, հայրենի հողում խաղաղ երկնքի տակ բերք ու բարիք արարելու երջանկություն, իսկ այսօր՝ տոնական բարձր տրամադրություն»,-նշված է նախարարի պաշտոնակատարի ուղերձում։