Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ վարչապետի պաշտոնում իր առաջադրումը կրում է ֆորմալ բնույթ՝ շեշտելով, որ ինքն առաջադրվել է ոչ թե վարչապետի պաշտոնում ընտրվելու, այլ չընտրվելու համար:
«Հետևաբար, Ազգային ժողովն այսօր չպետք է քվեարկի իմ օգտին: Իսկ առաջադրման իմաստն առաջիկա խորհրդարանական ընտրությունների լեգիտիմության շուրջ շահարկումների որևէ հնարավորություն չթողնելն է: Այս պահին կարող եմ նշել, որ միանշանակ է և աներկբա, որ առաջիկա դեկտեմբերին ունենալու ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք, ի վերջո, պետք է դառնան Հայաստանում 2018թ. տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության վերջնական հաղթանակի վերջնական հանգրվանը»,-ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
Ազգային ժողովում մեկնարկել է վարչապետի ընտրության հարցի քննարկումը: «Ելք» խմբակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարական էր ներկայացրել հոկտեմբերի 16-ին: Հրաժարականի նպատակն Ազգային ժողովն իրավունքի ուժով արձակելն ու արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելն է: