Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը դիմել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ քաղաքում աղբահանություն իրականացնող «Սանիթեք» ընկերության հետ պայմանագիրը լուծարելու խնդրանքով:
Դիմումն ամբողջությամբ, ներկայացնում ենք ստորեւ.
«Հարգելի՛ պարոն Մարության,
Երեւան քաղաքում աղբահանության եւ սանիտարական խիստ վատթար վիճակի հետեւանքով չեն դադարում քաղաքացիների դժգոհությունները եւ ամենօրյա բողոքները։
2018 թվականի օգոստոսի 1-ին Երեւանի ավագանու «ԵԼՔ» խմբակցությունը գրավոր նամակով դիմեց «Սանիթեք» ընկերությանը եւ փաստելով, որ մայրաքաղաքում ստեղծվել է վտանգավոր հակասանիտարական եւ համաճարակային իրավիճակ՝ պահանջեց յոթնօրյա ժամկետում դատարկել բոլոր լցված աղբամանները, վերականգնել աղբահավաքման կանոնավոր աշխատանքը պայմանագրի տարածքում։ Նամակում նաեւ նշել էինք, որ «պահանջի չկատարման դեպքում Երեւանի ավագանու ԵԼՔ խմբակցությունը դիմելու է Երեւանի քաղաքապետարան ծառայությունների մատուցման պայամանագիրը լուծարելու նպատակով»։
Այս պահանջից հետո սույն թվականի օգոստոսի 8-ին Երեւանի քաղաքապետարանը տարածեց հայտարարություն հետեւալի մասին.
«Երեւանի քաղաքապետարանի եւ «Սանիթեք» ընկերության միջեւ կնքված պայմանագրի շրջանակներում Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության եւ վարչական շրջանների համապատասխան ծառայությունների կողմից ս.թ. հուլիս ամսին իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերվել են պայմանագրով սահմանված ծառայությունների ոչ պատշաճ իրականացման բազմաթիվ դեպքեր, որոնց մասով «Սանիթեք» ընկերությանն ուղարկվել են «Համապատասխանության մասին ծանուցումներ» եւ սահմանվել ողջամիտ ժամկետներ՝ թերությունները վերացնելու համար:
Ոչ բոլոր դեպքերում են թերությունները վերացվել ծանուցումներով սահմանված ժամկետներում, որի հիման վրա, պայմանագրին համապատասխան, թողարկվել է «Ծառայությունների ձախողման մասին» ծանուցում եւ սահմանված կարգով հուլիս ամսվա կատարողականից պահվել է տուգանք՝ 12.000.377 դրամի չափով»:
Պետք է նշեմ, որ որ Երեւանի ավագանու անդամների կողմից նշված յոթնօրյա ժամկետի պահանջները այդպես էլ չիրագործվեցին, իսկ Երեւանի քաղաքապետարանի տուգանքը որեւէ կերպ չազդեց «Սանիտեք» ընկերության աշխատանքի բարելավման վրա։
Հայտնի է, որ «Սանիթեք» ընկերության հետ Երեւանի քաղաքապետարանը կնքել է երկու պայմանագիր։ 2013 թվականի սեպտեմբերի 17-ին կնքված առաջին պայմանագրում որպես Կատարող կողմ հանդես է գալիս «Սանիտեք» ընկերությունը, որը գրանցված է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում (ստորագրված՝ Նիկոլաս Նաբիլ Էլ Թաուիլի)։ «Սանիթեքին» է հանձվել Երեւան քաղաքի Արեւմտյան հատվածի (Աջափնյակ, Դավթաշեն, Կենտորն, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջաններ) աղբահանության եւ սանիտարական մաքրման ծառայությունը։
2015 թվականի մարտի 27-ին Երեւանի քաղաքապետարանը առանց մրցույթի (մրցույթի հայտարարման մասին տեղեկություններ առկա չեն) եւս մեկ պայմանագիր է կնքել 10 օր (պայմանագրի կնքման պահից) առաջ ՀՀ-ում գրանցված (գրանցման համար՝ 278.110.849775 / 2015-03-17) «Սանիթեք Ինթերնեյլշնլ» ընկերության հետ (ստորագրված՝ Նիկոլաս Էլ Թավիլ) եւ վերջինիս հանձնել Երեւան քաղաքի Արեւելյան հատվածը (Ավան, Արաբկիր, Էրեբունի, Նորք-Մարաշ, Նուբարաշեն եւ Քանաքեռ-Զեյթուն)։
Վերջին երկու տարում «Սանիթեք» ընկերությունը տապալել է Երեւան քաղաքում աղբահանության եւ սանմաքրման աշխատանքները օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով, որոնցից բխող բոլոր խնդիրները գտնվել են բացառապես ընկերության լուծման տիրույթում։ Այսօր կարող ենք փաստել, որ «Սանիթեք» ընկերությունը սպառել է իր կառավարչական, տեխնիկական եւ սոցիալական պատասխանատվության բոլոր կարողությունները Երեւան մայրաքաղաքում աղբահանության եւ սանմաքրման կանոնավոր եւ արդյունավետ աշխատանքներ իրականացնելու համար։ «Սանիթեք»-ի կողմից տրված որեւէ խոստում եւ վերջինիս հետ որեւէ բանակցություն այսուհետ զրկված է մեր եւ հանրային վստահությունից։
Երեւանի ավագանու 2018 թվականի արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում նշված է հետեւալը. «Վերանայել Երեւանի փողոցների մաքրման, աղբահանության եւ ձնամաքրման աշխատանքների կազմակերպման գործընթացը։ Դիտարկել բաց եւ թափանցիկ մրցույթի միջոցով երկրորդ օպերատորի ներգրավման անհրաժեշտության հարցը»։ Պետք է նշեմ, որ երկրորդ օպերատորի ներգրավման անհրաժեշտության մասին դրույթը առկա էր նաեւ «Լույս» դաշինքի նախընտրական ծրագրում եւ այս հարցում Երեւանի ավագանու երկու՝ «Իմ քայլը» եւ «Լույս» խմբակցությունների՝ խնդրի լուծման տարբերակը եւ նպատակը համընկնում են։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ խնդրում եմ Ձեզ ձեռնարկել համապատասխան միջոցներ հրատապ կերպով Երեւան քաղաքի արեւելյան հատվածի աղբահանության եւ սանմաքրման աշխատանքներն իրականացնող «Սանիթեք Ինթերնեյշնլ» ընկերության հետ պայմանագիրը լուծարելու, նոր, բաց, թափանցիկ մրցույթ հայտարարելու եւ ծառայությունների մատուցման երկրորդ օպերատոր ներգրավելու համար»: