Մամուլում երեկվանից տեղեկություններ սկսեցին տարածվել այն մասին, որ Գորիսի ՀՀԿ-ական քաղաքապետ Առուշ Առուշանյանն ու ավագանու անդամ Արտակ Առուշանյանը ծեծի են ենթարկելավագանու անդամ Լյովա Արզանյանին: Նշվում է, որ վեճը եղել է կենցաղային հարցերի շուրջ, իսկ դեպքի մասին էլ առաջինը ոստիկանությանը հայտնել է Լյովա Արզանյանը: 

ՀՀ Ոստիկանությունից մեզ փոխանցել են, որ նյութեր են նախապատրաստում կատարվածի մանրամասները ճշտելու համար: 

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հերքեց իր մասին տարածված բոլոր տեղեկությունները. «Նման միջադեպ, առավել ևս՝ ավագանու հետ կապված որևիցե խնդիր՝ չի եղել: Ես չգիտեմ՝ ո՞վ է պատվիրում այդ նյութերը, ինչի՞ է պատվիրում»:

Մեր այն դիտարկմանը, թե որոշ հրապարակումներում նշվում է, որ ոստիկանությանը դեպքի մասին առաջինը հայտնել է ավագանու անդամ Լյովա Արզանյանը, Առուշ Առուշանյանը կրկին հերքեց. «Սխալ ինֆորմացիա ա, նման բան գոյություն չունի: Մի բան եթե չի եղել, ուրեմն չի եղել, ինչքան էլ ուզենան սարքել: Այսօր, որ Գորիսում մթնոլորտը շատ դրական է՝ շատ խելք պետք չէ դա տեսնելու և հասկանալու համար: Իմ առաքելությունը քաղաքը շենացնելն է և համայնքի բնակիչների 97%-ից ավելին ինձ է ընտրել ու դեռևս դժգոհություններ չկան ինձ հետ կապված: Ես հավաստիացնում եմ՝ եթե մեր համայնքի բնակչության թեկուզ 10%-ը պահանջի իմ հրաժարականը, ես անմիջապես աշխատանքից ազատման դիմումս կգրեմ»:

Առուշանյանը պնդեց, որ իր մասին տարածված նյութերը պարզապես հակաքարոզչություն է, և որ նմանատիպ նյութերն ընթերցում է միայն ժպիտով. «Ամեն եռամսյակը մեկ՝ նմանօրինակ մի նյութ հրապարակում են իմ դեմ»:  


Արմինե Միքայելյան