«Սասնա Ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը ներկայիս կառավարությանը նոր իշխանություն չի համարում, քանի որ, ըստ նրա, իր ընկերները բանտում արդարություն են պահանջում։ 

Մանուկյանն անդրադառնալով խորհրդարանական գալիք ընտրություններին՝ շեշտեց․«Կարծում եմ, նոր խորհրդարանը երկար կյանք չի ունենալու, բայց անցումային փուլն ապահովելու է։ Փաշինյանը, միանշանակ հույսը բերել է, սակայն հավատը չկա, ժողովրդի հավատն է պետք ետ բերել»։Մանուկյանը նախորդ իշխանության օրոք խոսում էր բացառապես ընդդիմադիր հարթակից և չդավաճանելով իր սկզբունքներին՝ մտադիր է այս իշխանության օրոք ընդդիմություն ձևավորել և դառնալ իշխանության քայլերը բալանսավորող ուժ։ 

Սակայն Պավել Մանուկյանը դեռևս քաղաքական որևէ ուժի չի միացել։ Նախկինում անընդհատ խոսվում էր նորաստեղծ «Սասնա Ծռեր» կուսակցության թիմին միանալ-չմիանալու թեման, ավելին՝ Մանուկյանի՝ դատերից մեկի ժամանակ արված աղմկահարույց բացահայտումներն իրենց խմբի քայքայման հիմք էին հանդիսացել։ 

«Սասնա Ծռեր» կուսակցության հիմնադիր խորհրդի անդամ Սյուզան Սիմոնյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ Պավել Մանուկյանը դեռևս չի անդամագրվել իրենց կուսակցություն, իսկ նման ցանկության մասին խոսակցություն նույնպես չի եղել։