«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեկ անդրադարձել է պարտադիր ժամկետային զինծառայությունից իր ազատվելու պատճառներին: Իսկ պատճառը եղել է երիկամի հետ կապված հիվանդությունը: «Զորակոչվել եմ 25.12.2015 թվին, 19 916 զորամաս, ՊՆ բանակի գլխավոր շտաբ, Ստեփանակերտ, ծառայել եմ մինչեւ 27.10.2016-ը: Զորացրվել եմ առողջական վիճակի պատճառով: 

Որպես բժիշկ` մենք մինչեւ 35 տարեկանն ենք պարտավոր ծառայել: Անցել եմ կլինիկական օրդինատուրա, ասպիրանտուրա, 5 տարի ազատված եմ եղել ծառայությունից՝ առողջական խնդրի պատճառով: Հետո կարգը փոխվել է, զորակոչվել եմ, ապրիլյան պատերազմի ժամանակ 3 ամիս 24 ժամյա ծառայություն եմ անցել զորամասում, Ստեփանակերտում ապրիլի 2-3-ին եղել եմ հերթապահ զորամասում:

 

Հետո մոտս սրացում է եղել, նորից ստուգվել եմ ու ազատվել: Պարբերական հիվանդություն է, որի դեպքում մարդիկ նույնիսկ երիկամներից են զրկվում»,- պատմել է նախարարը՝ լրագրողներին ցույց տալով դեղամիջոցը, որն ինքն ամեն օր օգտագործում է երիկամների խնդիրներից խուսափելու համար: Իհարկե, մեզանից որեւէ մեկն ապահովագրված չէ հիվանդություններից:

Բայց եթե նախարարը զինծառայությունից ազատվել է հիվանդության սրացման պատճառով, ավելին՝ հայտարարում է, թե ինքն այսօր էլ դեղամիջոցներ է օգտագործում, հարց է առաջանում՝ արդյոք նա կարո՞ղ է լիարժեք կիրառել կառավարության անդամի պարտականությունները: Ի վերջո, Արսեն Թորոսյանը նախարար է, իսկ նախարարի պաշտոնը ենթադրում է գերծանրաբեռնված աշխատանք, իսկ դրա համար պետք է առողջական վիճակը թույլ տա: Իսկապես մտահոգիչ է:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: