«Հրապարակ» թերթը գրում է.
Արտահերթ ընտրություններին եւ նոր պաշտոններ զբաղեցնելու հեռանկարին ընդառաջ Նիկոլ Փաշինյանի թիմում խլրտոցներ են առաջացել, շատերն են ցանկանում տեղ ունենալ ընտրացուցակում կամ պաշտոն ստանձնել կառավարությունում։ Այս տրամադրությունները չեն վրիպել նաեւ Նիկոլ Փաշինյանի աչքից, ով վերջերս կուսակցական ակտիվի հետ ունեցած հանդիպման ժամանակ մոտավորապես այս բառերով խիստ հանդիմանել է․
«Եթե կան այնպիսիները, որոնք ակնկալում են, որ հեղափոխության օրերին քայլել են ու պետք է պաշտոն ստանան, ապա հավաքվեք Հանրապետության հրապարակ եւ կրկին ոտքով հետ քայլեք Գյումրի»։ Ինչ վերաբերում է ընտրություններից հետո մեծ հավակնություններ ունեցողներին, ասել է՝ կտեսնենք, թե ընտրություններում ով ինչքան ձայն կբերի, ով ինչի է ընդունակ։ Բոլոր «ՔՊ»-ականները հասկացել են, որ պետք է մրցեն ոչ թե մյուս կուսակցությունների, այլ միմյանց հետ։