ՀՀ մշակույթի նախարարությունը բացասական դիրքորոշում ունի «Զվարթնոց» օդանավակայանի՝ Ազնավուրի անվան օդանավակայան վերանվանման վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 5-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը:
«Հիմնավորումներ ու փաստարկներ բերելով մենք մեր դիրքորոշումը ներկայացրել ենք: Մեր դիրքորոշումը բացասական է վերանվանելու հետ կապված, սակայն հաշվի առնելով, թե սոցիալական ցանցերում խոսակցությունները, թե առանձին հայտերը, անհրաժեշտություն առաջացավ կազմակերպել հանրային քննարկում, որին մասնակցելու են փորձագետները: Շահագրգիռ կողմերը հնարավորություն կունենան իրենց դիրքորոշումը ներկայացնել ու հարցեր ուղղել նրանց»,- ասաց Մակունցը:
Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ հանրային քննարկումից հետո համապատասխան գերատեսչություններն այդ առումով որոշում կկայացնեն: