Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ուլրիկ Թիդեստրոմը (նստավայրը՝ Թբիլիսի):
Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի գրասենյակից, դեսպան Թիդեստրոմն ընդգծել է երկու երկրների ու ժողովուրդների սերտ բարեկամական հարաբերությունները և կարևորել շվեդահայ համայնքի դերն այդ գործում: Նորանշանակ դեսպանը Հանրապետության նախագահին է փոխանցել Շվեդիայի թագավոր Կարլ XVI Գուստավի ողջույնները:
Նախագահ Սարգսյանը դեսպան Թիդեստրոմին մաղթել է արդյունավետ գործունեություն և համոզմունք հայտնել, որ նա իր փորձն ու մասնագիտական կարողությունները կներդնի՝ երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդման համար: Նրա խոսքով՝ թեև հայ-շվեդական դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են ընդամենը 26 տարի առաջ, սակայն այդ երկրի և հայերի միջև պատմամշակութային առնչությունները գալիս են դեռևս դարերի խորքից:
Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Շվեդիան Սկանդինավյան տարածաշրջանում Հայաստանի կարևոր և վստահելի գործընկերներից է, և լուրջ նախադրյալներ կան տարբեր ուղղություններով փոխգործակցության ընդլայնման համար: