Վերջին օրերին համացանցում բուռն քննարկումների առիթ է հանդիսացել Ադրբեջանցի օգտատիրոջ հրապարակած լուսանկարը Ասյա Խաչատրյանի հետ։ Մեծ մասի կողմից դա արժանացավ քննադատության, բայց եղան նաև մարդիկ, որոնք հանդես եկան հանդուրժողականության և անգամ հակառակորդի հետ մտերմիկ և բարեկամական հարաբերություններ ունենալու կոչով։
Վերջիններիս մեջ էին նաև հասարակական ակտիվություն ցուցաբերող և նոր իշխանության քաղաքական թիմին հարող մարդիկ։
Մասնավորապես՝ ՔՊ կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ Լարա Ահարոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ես էլ ունեմ շատ լավ ընկերներ ադրբեջանցի, որոնց շատ եմ սիրում եւ հույս ունեմ որ մի օր խաղաղ կապրենք իրար հետ ու հանգիստ ու ազատ կշփվենք առանց ոչ մեկի ատելության քարոզի»։
Այս հայտարարությունից հետո մամուլում շրջանառվեց, որ սա ուղղորդված քարոզ է, սակայն դրան և, ընդհանրապես, նման հայտարարություններին որևէ կերպ չի արձագանքել կուսակցությունը։
ԼՈՒՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում ՔՊ կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը որևէ կերպ չմեկնաբանեց ՔՊ-ի դիրքորոշումը՝ իր կուսակցության անդամի վերոնշյալ տեսակետի վերաբերյալ։
Իսկ ՔՊ անդամ Հրաչյա Հակոբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դա Լարա Ահարոնյանի տեսակետն է, և, իր կարծիքով, ՔՊ-ն չի կիսում այդ տեսակետը։
«ՔՊ-ն այդ հայտարարության վերաբերյալ իր կարծիքը կհայտնի, ուղղակի, այս պահին քանի որ նախընտրական ցուցակներով են շատ զբաղված, միգուցե ժամանակ չեն ունեցել անդրադառնալու», - ասաց Հակոբյանը։
Հարցին՝ ինչպե՞ս է նա վերաբերվում Ահարոնյանի հայտարարութանը և հակառակորդի նկատմամբ բարեկամական վերաբերմունք ունենալու կոչերին, Հակոբյանը նկատեց․
«Ադրբեջանցի ընկերներ ունենալու կոչերին բացասաբար են վերաբերվում։ Խաղաղ ապրելու կոչին համաձայն եմ, բայց այս փուլում, այս շրջանում ունենալ ընկերներ կամ գովեստի խոսքեր հնչեցնելու այդ մոտեցումը ես չեմ կիսում և բացասական եմ գնահատում», - հավելեց նա։