Ռուսաստանաբնակ հայ դիզայներ Սյուզաննա Մարգարյանն, ով ավելի հայտնի է որպես Sumara, իր երեկոյան զգեստների առաջին ցուցադրությունն էր կազմակերպել Երևանում: Արդեն մեկ տարուց ավելի է՝ դիզայներն աշխատում է իր բրենդի կայացման վրա և հասցրել է մասնակցել Mercedes-Benz Fashion Week Russia-ին, իսկ նրա հագուստները կրում են ռուսական շոու բիզնեսի մի շարք հայտնի աստղեր՝ երգչուհի Ալինա Ջանաբաևան, Serebro խմբի աղջիկները:

Երեկ հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները, նորաձևության գիտակները, ինչպես նաև fashion բլոգերներն առիթ ունեցան մասնակցելու դիզայների ցուցադրությանը։ Նրանցից շատերն արդեն ծանոթ էին Սումարայի աշխատանքներին: Դիզայները երեկոյի ընթացքում ներկայացրեց երեսուն երեկոյան հագուստ։ Խոստովանում է` միշտ շեշտը դնում է ճոխության վրա:

«Երևանում բնակվող իմ հետևորդներն ինձ հաճախ էին գրում, հարցնում`արդյոք իմ հագուստները հասանելի կլինե՞ն նաև այստեղ, այդ իսկ պատճառով ես որոշեցի ընդլայնել իմ բրենդը և ներկայացնել նաև Երևանում»,-BlogNews.am-ի հետ զրույցում նշում է Սյուզաննան:

Հագուստի նոր նմուշ ստեղծելիս դիզայները ոգեշնչվում է կտորներից, և միանգամից մտքին գալիս է, թե ինչ կերպար է ուզում ստեղծել․ «Իմ հագուստները թեմատիկա չունեն, ամեն ինչ շատ ինդիվիդուալ է: Ներկայացված հագուստներն ավելի շատ տարբեր առիթների, երեկույթների համար են նախատեսված։ Բնականաբար, ես օգտագործում եմ փայլուն, շքեղ և արտահայտիչ կտորներ: Երբ տեսնում եմ գեղեցիկ կնոջ, միանգամից պատկերացնում եմ, թե ինչպես կուզեի նրան հագցնել»:

  

Դիզայները հետագայում ընդլայնվելու և առօրյա հագուստներ ներկայացնելու ցանկություն ունի, սակայն դեռևս շեշտը դնում է երեկոյան զգեստների վրա: Ասում է՝ երևանցիների և ռուսաստանաբնակների պահանջները շատ տարբեր են, բայց, միևնույն է, նրանց միավորում է ճոխությունը:

Հայ դիզայներներին իրեն մրցակից չի համարում, չնայած լավ ուսումնասիրել է նրանց գործունեությունը և ոմանց հետ էլ ծանոթ է. «Ես կարող եմ լինել լավը կամ վատը, բայց այնպիսին, ինչպիսին ես եմ, չի կարող լինել ոչ ոք, այսինքն՝ մրցակցությունը, միանշանակ, ինձ համար չէ: Հայ դիզայների աշխատանքներին ծանոթ եմ, ինչպես նաև ծանոթ եմ շատերի հետ: Բոլորն էլ շատ լավ են աշխատում»: