«Մշակույթի նախարարությունն ակնհայտորեն չի ուզում կարգավորել Երևանի մնջախաղի պետական թատրոնի շենքի խնդիրը: Մենք ունենք սեփական տարածք, որը պայթած վիճակում է, հիմա էլ նախարարությունն անուն է կպցնում, թե հուշարձան է, ու դրան ձեռք տալ հնարավոր չէ»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը՝ անդրադառնալով դեռևս օրակարգային համարվող մնջախաղի թատրոնի շենքի խնդրին:
Դադասյանի խոսքով՝ թատրոնի անձնակազմն իր գործունեությունն այս պահին ծավալում է պատանի հանդիսատեսի թատրոնի շենքում՝ համատեղության կարգով, եղել է նաև նախարարության կողմից առաջարկ՝ խումբը տեղափոխել 3-րդ մաս և կրկին համատեղության կարգով աշխատել «Մետրո» թատրոնի անձնակազմի հետ:
«Մեր հիմնական խնդիրն այն է, որ այժմ համատեղության կարգով էլի աշխատում ենք, ու հիմա էլ առաջարկում են կրկին համատեղության կարգով աշխատել մեկ այլ վայրում, որն ավելի վատ վիճակում է գտնվում: Պարզից էլ պարզ է, որ մեզ տարածք տրամադրելու ցանկություն չկա»,- ընդգծեց Ժիրայր Դադասյանը:
ՀՀ մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ 2016 թ․ Մնջախաղի պետական թատրոնին տրվել է տարածք, որի վրա ծախսվել է 8 միլիոն դրամ։ «Սակայն չգիտենք թե ինչու, նախարարության նախկին աշխատակիցները չեն իմացել, որ այդ տարածքի շինությունը պատմամշակութային արժեք է ներկայացնում ու դրան ձեռք տալ հնարավոր չէ, կամ հնարավոր է՝ վերևից եղել է որոշում, որ այդ տարածքը տան Դադասյանին, չեմ կարող ասես»,- ասաց մշակույթի փոխնախարարը:
Ըստ փոխնախարար Նազենի Ղարիբյանի՝ հաշվի առնելով խնդրի հրատապությունը՝ նա 4 ամիս է, ինչ զբաղվում եմ այդ գործով, տարածքներ է փնտրում․ «Մեթոդաբար առաջին քայլը եղել է հասկանալը, թե ինչ տարածքներ կարող են գտնվել նրանց գործունեությունը շարունակելու համար: Ըստ էության՝ պետական գույքը կարող են կիսել երկու ՊՈԱԿ, որտեղ հարմարավետ բոլոր միջոցները կան խորեգրաֆիկի բեմում: Սակայն Դադասյանը հրաժարվում է դրանից՝ պնդելով կամ վերականգնենք իր տարածքը, կամ տրամադրենք նորը»։ Վերջում փոխնախարարն իբրև ՀՀ քաղաքացի և հարկատու, հարց հնչեցրեց՝ 20 տարի է տնօրեն եք, քանի՞ ներկայացում եք բեմադրել, որի համար գումար եք ստացել պետությունից։
Նշենք, որ Երևանի մնջախաղի պետական թատրոնի շենք ունենալու խնդիրը տարիներ շարունակ եղել և մնում է օրակարգային իրար փոխարինող նախարարների ղեկավարման ժամանակաշրջանում:
Արմիե Միքայելյան