Բոլոր ժամանակների լավագույն հայ մարզիկ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, Օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանի աճյունն ԱՄՆ-ից տեղափոխվել է Հայաստան: Այս մասին հայտնել է Յուրի Վարդանյանի հուղարկավորման պետական հանձնաժողովի նախագահ, ՀՀ կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը:
Վարդանյանի աճյունը նոյեմբերի 12-ին կտեղափոխվի Գյումրի՝ Սուրբ Հակոբ եկեղեցի, որտեղ 13:00-ից մինչև 19:00 տեղի կունենա հրաժեշտի արարողություն:
Նոյեմբերի 13-ին՝ 10:00-ից մինչև 15:00, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա քաղաքացիական հրաժեշտի արարողությունը: Հուղարկավորությունը կլինի նույն օրը՝ ժամը 16:00-ին, Կոմիտասի անվան պանթեոնում:
Լեգենդար մարզիկ, Օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանն իր մահկանացուն կնքեց նոյեմբերի 2-ին՝ 62 տարեկան հասակում, ծանր հիվանդության հետևանքով: