ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԲՀԿ քաղաքական խորհրդի գլխավոր քարտուղար Նաիրա Զոհրաբյանը Սյունիքի ու Վայոց ձորի մարզերի բնակիչների համար լինելու է ամեն օր ու ամեն ժամ հասանելի պատգամավոր։ Այս մասին նոյեմբերի 12-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց Նաիրա Զոհրաբյանը:
«Ես առաջիկա օրերին տեղափոխվելու եմ Սյունիք և Վայոց ձոր, լինելու եմ բոլոր բնակավայրերում, փորձելու եմ սյունեցուն ու վայոցձորցուն հասցնել այն մեսիջը, որ լինելու եմ իրենց հասանելի պատգամավոր ամեն օր ու ամեն ժամ: Կարծում եմ, որ կայացած քաղաքական գործիչը պետք է վստահության քվե ունենա ոչ միայն այն բակում, որտեղ ծնվել ու մեծացել է, այլև հանրապետության այն վայրում, որտեղ որոշել է իր կուսակցությունը: Իմ արմատները Սյունիքից են, այդ արմատներն ինձ համար շատ թանկ ու սիրելի են: Ես այս տարիների ընթացքում վստահել եմ այդ իրավունքը վստահ լինելու, որ ես կարող եմ վստահության քվե ակնկալել ՀՀ յուրաքանչյուր բնակավայրում»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով' իրենց քաղաքական ուժը դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններից արդար մրցակցություն է ակնկալում:
«Մենք չենք գնում որևէ մեկին վիրավորելու, ոչնչացնելու կամ մեկ այլ քաղաքական ուժի հաշվին քաղաքական դիվիդենտներ շահելու: Մենք ունենք եզակի հնարավորություն առաջին անգամ գնալու ընտրությունների, որտեղ օրակարգը կլինի սեփական ծրագրի ներկայացումը»,- ասաց Զոհրաբյանը:
Նաիրա Զոհրաբյանը դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի Սյունիքի և Վայոց ձորի մարզերում:
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2018 թ. դեկտեմբերի 9-ին, նախընտրական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ից։ Կուսակցություններն ու
կուսակցությունների դաշինքները կարող են իրենց հայտերը ներկայացնել մինչև նոյեմբերի 14-ը, ժամը18։00 ն։ Դրանց գրանցումը ԿԸՀ-ն կիրականացնի մինչև նոյեմբերի 19-ը, ժամը 18։00-ն։ Քարոզչության ժամանակ հատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։ Ընտրական օրենսգրքով սահմանվել է 12-օրյա ժամկետ: