Հանրապետական կուսակցությունից առնետավազքը շարունակվում է։ Նրանց շարքերը լքել է նաև ՀՀԿ-ական, Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը։ Տեղեկությունը ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Շահգալդյանը՝ նշելով, որ ցանկություն չունի ընտրություններին մասնակցելու:
«Մեկ ամիս առաջ եմ դուրս եկել կուսակցությունից, երբ պարզ դարձավ, որ պետք է լինեն արտահերթ խորհրդարանկան ընտրություններ։ Ընտրական գործընթացներին մասնակցելու ցանկություն չունեմ»,-ասաց նա։
Նախկին ՀՀԿ-ականը բացառեց իր՝ «Քաղաքացիական պայմանագրի» կամ այլ կուսակցությունների շարքերում հայտնվելը․ «Պարտադիր չէ՝ կուսակցական լինեմ. անկուսակցական լինելով ավելի լավ է ստացվում աշխատանքը, որևէ պարտավորություն չունեմ, ուստի, կշարունակեմ իմ աշխատանքը»,-նշեց Շահգալդյանը։
Հարցին՝ հնարավո՞ր է ինչ-որ խնդիրներ են առաջացել Հանրապետական կուսակցության հետ, քանի որ մինչ այս ակտիվ մասնակցություն էր ունենում ընտրություններին, Շահգալդյանը պատասխանեց․ «Ես 2007թ․ ընտրվել եմ համայնքի ղեկավար, եղել եմ անկուսակցական։ Մոտ 5 տարի հետո անցել եմ Հանրապետական կուսակցության շարքերը, դարձել եմ կուսակցության անդամ, իսկ հիմա ընդհանրապես չեմ ուզում մասնակցել ընտրություններին»։
Իսկ թե ինչպես են ՀՀԿ-ից արձագանքել կուսակցությունից դուրս գալուն՝ Շահգալդյանն ասաց՝ այդ հարցով որևէ մեկի հետ չի խոսել․ «Կարծում եմ՝ ըմբռնումով կմոտենան»։
Չարենցավանի փոխքաղաքապետ Վարդգես Չիլինգարյանն էլ մեզ հետ զրույցում հայտնեց, որ ինքը ևս լքել է Հանրապետական կուսակցությունը, սակայն պատճառների մասին նախընտրեց լռել․ «Դա իմ անձնական որոշումն է եղել։ Չեմ ուզում ընդարձակվել և այլ բան ասել»,- նշեց նա՝ ընդգծելով, որ դեռևս որոշում չի կայացրել այլ կուսակցությունում հայտնվելու։
Նշենք, որ Հայաստանում իշխանափոխությունից հետո մի շարք քաղաքապետեր սկսել են իրար հետևից հրաժարականի դիմումներ ներկայացնել, Հակոբ Շահգալդյանը ևս բացառություն չէր։ Հակադրելով վերջինիս բերած պատճառաբանությանը, թե չի ուզում մասնակցություն ունենալ ընտրական գործընթացներին, հարկ է հիշել ոչ վաղ անցյալում՝ դեռևս 2017թ․ ընտրություններին նրա ակտիվ մասնակցությունն ու անխոնջ պայքարը հանուն ՀՀԿ-ի։
Ի դեպ, այն ժամանակ մեծ աղմուկ էր հանել Շահգալդյանի մասնակցությամբ համացանցում հայտնված ձայնագրությունը, որտեղ Չարենցավանի քաղաքապետը համոզում էր քվեարկել ՀՀԿ-ի օգտին:
Ինչպես հայտնի է՝ Հակոբ Շահգալդյանը Կոտայքի նախկին մարզպետ, այնուհետև նախկին վարչապետի խորհրդական Կովալենկո Շահգալդյանի որդին է։
Սոնա Հարությունյան