նախագահ Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակությունը Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահն անվանական եղևնի է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում:
Վալերի Պեկրեսն այցելել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացել ցուցադրությանը և գրառում է կատարել թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Նրա գլխավորած պատվիրակությունը Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանի ու Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի ուղեկցությամբ նաև այցելել է Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել հերոսամարտի 18 նահատակների հուշակոթողին և ծովակալ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեի կիսանդրուն: Ֆրանսիական հրամանատարական նավի տեսքով ձևավորված թանգարանային ցուցասրահում հյուրերին ներկայացվել են Մուսա լեռան հերոսամարտի փաստավավերագրական նմուշները և ինքնապաշտպանական մարտերի պատմությունը, իսկ երկրորդ հարկում դիտել են Մուսա լեռան համայնապատկերը՝ «Ժաննա դը Արկ» ռազմանավի օրինակով ստեղծված վիրտուալ տախտակամածից: Ֆրանսիացի հյուրերը կանգ են առել նաև հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությունը խորհրդանշող աղբյուր-հուշարձանի մոտ, ուր փորագրված են մուսալեռցիների փրկությանը մասնակցած ֆրանսիացի նավաստիների անունները: Հուշահամալիրի տարածքում հյուրերը կանգ են առել նաև Արարայի ճակատամարտում նահատակված 23 հայորդիների հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ, որի տեղում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ նախատեսվում է կառուցել խաչքար-հուշարձան: Հուշահամալիր այցելության ավարտին Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակության անդամները հանդիպել են «Մուսա լեռ» հայրենակցական միության ներկայացուցիչների հետ: