Արցախյան ազատամարտի հերոս, ռազմական գործիչ Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան օրը՝ նոյեմբերի 22-ին, «Խարույկ» արշավական ակումբը և  «Աջակցություն սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնությունը կանցկացնեն քայլերթ-պահանջ՝ ուղղված հերոսի արժևորմանը և նրա անունով փողոց անվանակոչելուն։

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում «Խարույկ» արշավական ակումբի ղեկավար Գեղամ Օհանյանը նշեց, որ երթ են կազմակերպել նաև անցած տարի, իսկ նախքան դա՝ անցկացրել են ստորագրահավաք, որի բուն նպատակը Երևանի բնակչության մեկ տոկոսի ստորագրությունը հավաքելն էր, որպեսզի ավագանու նիստում բարձրացվեր հարցը։

 

«Հավաքվել էր մոտ 10 000 ստորագրություն և պահանջը գնաց քաղաքապետարան։ Սակայն այդ ժամանակ պետք է լիներ քաղաքապետի ընտրություններ և այդ ընտրություններին մասնակցելու էր այսօրվա վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Եվ այս հոլովակում Փաշինյանը հարցին ի պատասխան, թե ինչպես կանվաներ Լենինգրադյան փողոցը՝ պատասխանում է, որ կփոխեր՝ Ազգալդյան կդարձներ»,- ասաց Օհանյանը։

Սակայն այդ ընտրություններում Տարոն Մարգարյանը վերընտրվեց, և նախաձեռնող խումբը ներքին կարգով տեղեկացավ, որ չեն պատրաստվում փոխել փողոցի անվանումը, որից հետո նորից երթ կազմակերպվեց․ «Այդ երթից օրեր անց նրանք հրապարակում են, որ մի փոքրիկ փողոց են պատրաստվում վերանվանել Լեոնիդ Ազգալդյանի անունով»։

«Հիմա անցել է մեկ տարի, շատ բան է փոխվել  Հայաստանում՝ իշխանափոխություն է տեղի ունեցել, քաղաքապետ է փոխվել, ավագանի է փոխվել ու, փաստացի, մենք լրիվ այլ ակնկալիքներ ունենք և նոր վերաբերմունք ենք սպասում նոր իշխանություններից», - նշեց Օհանյանը և հավելեց, որ իրենց պահանջին ավելացրել են նաև Լեոնիդ Ազգալդյանին ազգային հերոսի կոչմանն արժանացնելու հարցը․ «Մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր հերոսը ըստ արժանվույն գնահատվի պետական մակարդկում։ Մեր ժողովուրդը գիտի հերոսին գնահատել, բայց դա պետք է արվի պետական մակարդակում»։Հարցին՝ նախքան երթը կազմակերպելը փորձե՞լ են կապ հաստատել նոր իշխանության հետ, Օհանյանը պատասխանեց, որ Երևանի ավագանիում կան մարդիկ, որոնք եղել են նախաձեռնության անդամ և հարցը բարձրացնելու են ավագանու առաջիկա նիստում, որը կայանալու է դեկտեմբերին։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին դիմելուն՝ նա ասաց․ «Այս ընտրությունները ավելի զբաղված են պահում Նիկոլ Փաշինյանին, բայց մենք, ամեն դեպքում, պատրաստվում ենք հանրային կերպով իրեն դիմենք՝ բաց նամակով, հայտարարությամբ և այլն։ Մեր երթը պահանջ-կոչ է ու հիշեցում է, որ նման  խնդիր կա, որին Դուք՝ պարո՛ն Փաշինյան, տեղյակ էիք ընդդիմություն եղած ժամանակ ու Դուք պետք է որպես իշխանություն մոտենաք այդ հարցին»։

Գևորգ Օհանյանը, ամփոփելով, նշեց, որ Լեոնիդ Ազգալդյանն արդեն 27 տարի է՝ մահացել է և իրեն պետք չէ, որ  փողոց անվանեն «Դա մեզ է պետք և մեր պետությանը, այսինքն՝ հերոսին ճիշտ գնահատեն և այդ հերոսով սերունդ դաստիարակենք»։

Նշենք, որ Լեոնիդ Ազգալդյանը Ղարաբաղյան շարժման սկզբնավորման օրից, որպես ռազմական առաջատար գործիչ, մասնակցել է ազգային-ազատագրական պայքարին։1990 թ. փետրվարից վարել է «Անկախության բանակի» հրամանատարությունը, կազմակերպել մի շարք շրջանների և հատկապես Վարդենիսի ինքնապաշտպանությունը, մասնակցել ազատագրական մարտերի, այդ թվում՝  հատկապես Նյուվադիի առաջին գրոհին, իսկ մայիսի 27-ի կայարանի և Սովետաշենի արյունալի սադրանքից հետո ծրագրավորել և իրականացրել խորհրդային պատժիչ զորքերի Երևան ներթափանցման խոչընդոտումը։ Ազգալդյանը հետագայում իր ճակատագիրն ամբողջությամբ և վերջնականապես կապել է Արցախի ազատամարտի հետ, սկզբում գործելով Գետաշենի և Շահումյանի, այնուհետև՝ Մարտակերտի շրջաններում։ Արցախի ազատամարտին նոր թափ հաղորդելու նպատակով էլ 1991 թ. հունիսին, Հովսեփ Հովսեփյանի հետ միասին, նա ստեղծել է «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը, որը, թեկուզ միայն Հայաստան-Արցախ-Սփյուռք ճիգերի համադրման իմաստով, նոր որակ էր հայ ժողովրդի գոյամարտին ծառայագրված շարժումների շղթայում և որի գլխավոր հրամանատարը մնաց մինչև իր կյանքի վերջը։ Լ. Ազգալդյանը 1992 թ. հունիսի 21-ին, Մարտակերտի շրջանում՝ Տոնաշեն գյուղի մոտ, զոհ գնաց թշնամու դավադիր կրակոցներից։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով։

Արմինե Արմենակյան