ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ երբեք որևէ մեկին բռնելու կամ բաց թողնելու խնդիր չի ունեցել ու հիմա էլ մտադիր չէ միջամտել իրավապահ մարմինների աշխատանքին։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նա այս մասին ասաց` պատասխանելով հարցին` ինչո՞ւ Մարտի 1–ի գործով նախկին նախագահ Սերժ Սարգսյանին նույնիսկ հարցաքննության չեն կանչել։ Ավելի վաղ, երբ Փաշինյանը դեռ պատգամավոր էր, բազմաթիվ անգամ ասել էր, որ 2008 թվականի մարտի 1–ի գլխավոր պատասխանատուն Սերժ Սարգսյանն է, քանի որ Ռոբերտ Քոչարյանը հենց նրա համար է թափել խաղաղ բնակիչների արյունը։
 
Այդ դեպքում, իհարկե, էլ ավելի օբյեկտիվ են դառնում հասարակության այն հատվածի տարակուսանքները, որը «մերժելով Սերժին» ակնկալում էր նաև «պատժել» նրան: Ինչ խոսք, եթե քննությունը ընթանում է Փաշինյանի նշած ճիշտ ուղղությամբ, նշանակում է Սերժ Սարգսյանը լինելով քրեա-օլիգարխիկ բուրգի ամենավերին հատվածում ինչ-որ կերպ հաջողացրել է մաքուր մնալ, այն պարագայում, երբ նրա քաղաքական թիմը, ֆինանսական հենարանները և քաղաքական դաշտի գրեթե բոլոր խաղացողները այս կամ այն կերպ մասնակցել են համատարած թալանին, ինչի մեջ նրանց մեղադրում էին թավշյա հեղափոխության կազմակերպիչները և ինչն էլ ի վերջո հանգեցրեց իշխանափոխության:
 
Եթե Փաշինյանը չի փոխել իր կարծիքը, ապա ի՞նչն է նրան խանգարում պատասխանատվության կանչել իր իսկ խոսքերով՝ թիվ մեկ պատասխանատուին: Գուցե ժամանակին ձեռք բերված պայմանավորվածություններն են Փաշինյանին հետ պահում, քանի որ իրավապահ մարմինների աշխատանքին չմիջամտելու նրա թեզը, մեղմ ասած, չի դիմանում որևէ քննադատության: Թե՞ Ռոբերտ Քոչարյանի անունը պարբերաբար քրեական գործի շրջանակներում հնչեցնելը, կամ խորհրդարանում անհայտ պատգամավորի սպասվող կալանավորման լուրը ավետելը՝ անուղղակի ուղղորդում է: 
 
Փաշինյանի խոսքով «թավշյա հեղափոխությունից» հետո շատերն էին ասում, որ այդ իրադարձությունները կազմակերպել էր Սերժ Սարգսյանը: Իրականում այդ մարդկանց ստիպում են այդպես մտածել նաև Փաշինյանի կողմից կատարվող, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ չկատարվող քայլերը:
«Կամ այդ մարդիկ հիասթափված են, որ ոչ մի կաթիլ արյուն չի թափվել, կամ սովոր են, որ իրենք խամաճիկներ են ուրիշների ձեռքերում։ Հարց է առաջանում` ով է քաշում այդ խամաճիկների թելերը», – ասում է վարչապետի պաշտոնակատարը։
Շատ լավ հարցադրում է, իսկապես՝ ո՞վ է քաշում խամաճիկների թելերը Նոր Հայաստանում…
 
Ս.Խաչատրյան