Մենք չենք հասկանում այն մոտեցումը, որ ՀՀ-ն շատ տարօրինակ է արձագանքում որոշ իրավիճակներին, երբ դրանք վերաբերում են Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին կամ ԵԱՏՄ-ին և շատ մեղմ է արձագանքում շատ ավելի վտանգավոր իրավիճակներին, երբ ԱՄՆ-ի պաշտոնյաները կոչ են անում հրաժարվել մեր տրադիցիոն մտածելակերպից, անգամ Արցախում մեր ազատագրված տարածքներից։ Այս մասին այսօր Ազգային ժողովի իր ելույթում հայատարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանը։

«Մեզ համար անհասկանալի է, թե ինչու է անընդհատ կոնֆրոնտացիայի նոտայով գնում դիալոգը մեր գործընկերների հետ, ովքեր կազմում են ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի կորիզը։ Ինչո՞ւ է մեր երկրի վարչապետը Վլադիմիր Պուտինին ասում, որ պետք չէ խառնվել մեր ներքին գործերին, իսկ երբ գալիս է Ամերիկայի ԱԳՆ-ի օգնական Բոլթոնը և ասում, թե մենք ինչպես պետք է ապրենք, որ պետք է հրաժարվենք մեր տրադիցիաներից, ազատագրված տարածքներից, դա չի ընկալվում մեր ներքին գործերի մեջ խառնվել և միջամտել»,- նկատեց նա։ 

 

Բաբուխանյանը կոչ արեց կառավարությանը դադարեցնել կոնֆրոնտացիան գործընկեր և դաշնակից պետությունների հետ և գտնել այն բանաձևը, որով կշարունակեն գործընկերությունն ու դաշնակցային հարաբերությունները։ 

 

«Պարոն Ֆարմանյանը նշեց՝ ինչ-որ բաներ պահանջենք Բելառուսից և Ղազախստանից, բայց պահանջելու համար պետք է դրական և վստահելի հարաբերություններ, ինչը մեր կառավարությունն այսօր չի ստեղծում։ Կառավարության պարտքն է թշնամիներին դարձնել նեյտրալ, նեյտրալներին՝ դաշնակից, վերջիններիս հետ էլ ստեղծել է՛լ ավելի դաշնակցային հարաբերություններ, ոչ թե՝ հակառակը։ Սակայն արևմուտքի վերաբերյալ մեր փափկիկ և փամփլիկ դրսևորումները կարող են հակառակ էֆեկտ ունենալ»,- նշեց Բաբուխանյանը։