Կապանի նորընտիր քաղաքապետ Գևորգ Փարսյանի համար այս պահին քաղաքի առաջնահերթ խնդիրը «ձմեռը մի կերպ անցկացնելն է»: 

«Հիմա ընդհանուր ջեռուցման վրա եմ ուշադրություն դարձնում, քանի որ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կառույցների մեծ մասում ջեռուցում չկա: Ցուրտ եղանակների հետ կապված հարցերն են հիմա առաջնահերթ ինձ համար»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Փարսյանը: 

 

Մեր այն դիտարկմանը, թե բացի ջեռուցման խնդրից Կապանն այլ խնդիրներ չունի՞, այս մեկ ամսվա ընթացքում ի՞նչ բացեր է նկատել, քաղաքապետը նշեց, որ որևէ բաց չի նկատել,  չնայած նրան, որ Կապանի վիճակը գնահատում է «ոչ այնքան լավ»՝ չնշելով ջեռուցման խնդրից բացի որևէ այլ բան. «Ինչ-որ ռեալ բանից չեմ կարող խոսել, շատ հնարավոր է, որ բացեր են եղել: Ես այդ ուղղությամբ այս պահին ուսումնասիրություններ եմ իրականացնում, բայց որևէ բան դեռ չեմ գտել»:

Փարսյանի խոսքով՝ ճանապարհաշինության, շենքերի վերանորոգման և նման այլ խնդիրներով զբաղվելու է գարնանից սկսած, քանի որ հիմնական ուշադրությունը խնդրահարույց ջեռուցումն է: 

Կրկին մեր այն դիտարկմանը, որ եղած խնդիրները նոր չեն, ինչը խոսում է իր ազգական, նախկին ՀՀԿ-ական քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի բացթողման մասին, ինչո՞ւ չի նշում այդ փաստը, Գևորգ Փարսյանը նկատեց. «Գիտե՞ք, այո՛, կան  մի շարք խնդիրներ, ինչպես նաև փորձում ենք գտնել դրանց լուծման ճանապարհները, բայց նախկին քաղաքապետը շատ-շատ բաներ է արել: Պարզապես երևի նա չի հասցրել որոշ բաներ անել, դրա համար էլ մենք շարունակում ենք իր գործը»: 

 

Նշենք, որ հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ժամանակ անկուսակցական Գևորգ Փարսյանը հաղթանակ տարավ ՔՊ-ական Նարեկ Բաբայանի նկատմամբ: Ի դեպ՝ Կապանը միակ տեղն էր, որտեղ Փաշինյանը պարտություն կրեց:

Նշենք նաև, որ Կապանի հանրապետական քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպից հետո հրաժարական է ներկայացրել։Հանդիպման ժամանակ հավաքվածները չթողեցին նրան ելույթ ունենալ՝ բղավելով. «Դուք հանցագործ եք, ՀՀԿ-ի դրածոն եք, ձեր ռեժիմն անցյալում է»: Այնուհետև Կապանի արդեն նախկին քաղաքապետի ձեռքից Նիկոլ Փաշինյանը: 

Արմինե Միքայելյան