«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարզային այցերն ԱԺ ընտրություններին մասնակցող ուժերից մի քանիսը փորձում է ներկայացնել որպես վարչական ռեսուրսի չարաշահմամբ նախընտրական քարոզչությամբ զբաղվել: Նման մեղադրանքներ հնչեցրել են ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Մենք» դաշինքը:
Ընդ որում' ՀՀԿ-ն այս կապակցությամբ հատուկ հայտարարություն էր տարածել' միայն թե հղում անելով ոչ թե ՀՀ Ընտրական օրենսգրքին (որն, ի դեպ, սահմանադրական օրենք է), այլ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եւ Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական փաստաթղթերին: Սա, թերեւս, պատահական չէ. ՀՀ ԸՕ-ն, որ ընդունվել է ՀՀԿ իշխանության տարիներին, նման դեպքերում սահմանափակումներ չի նախատեսում: Ավելին, ԸՕ 4-րդ գլխի 19-րդ հոդվածը շարադրված է այսպես. «Նախընտրական քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում սույն օրենսգրքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչության իրականացումը»: Ասել է թե' ՀՀԿ-ականներն ընկել են իրենց իսկ փորած փոսը. ժամանակին նրանք ԸՕ-ում նման դրույթ էին ներառել նման դեպքերում իրենք իրենց ապահովագրելու համար: Բայց հիմա' իշխանափոխությունից հետո, դժգոհում են, ավելին' մատնանշում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եւ Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական փաստաթղթերը, որոնք, ի դեպ, ընդունվել են հենց իրենց դեմ:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից պարզել' արդյոք Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը խախտո՞ւմ են թույլ տվել: «ԱԺ ընտրությունների համար նախընտրական քարոզչությունը մեկնարկում է նոյեմբերի 26-ին եւ ավարտվում դեկտեմբերի 7-ին: Հետեւաբար բոլոր կանոնակարգումները, որոնք վերաբերում են նախընտրական քարոզչությանը, կիրառելի են միայն նշված ժամանակահատվածի շրջանակում», – նշեց նա' հավելելով,- «ԿԸՀ-ն վերահսկողություն է իրականացնում նախընտրական քարոզչության իրականացման պահպանման առումով: Այդ ժամանակահատվածը նշեցի արդեն: Կանոնակարգումները կիրառելի են միայն այդ ժամանակահատվածի համար»:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: