ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանն այսօրվա համաժողովի ժամանակ ներողություն խնդրեց ժողովրդից 2008թ Սերժ Սարգսյանի հետ կոալիցիա կազմելու համար և այդ համագործակցությունն իր համար թողեց անցյալում։

«Կազմեցինք, սխալ արեցինք, ներողություն, ժողովուրդ ջան։ Եթե մյուս ուժերը համագործակցել են իշխանության հետ մինչև 2018թ ապրիլը, ապա մենք դադարեցրել ենք մեր համագործակցությունը 2014-ին»,- ասաց Բաղդասարյանը։ՕԵԿ ղեկավարի խոսքով՝ ամեն տարի չի լինում հեղափոխություն, և պետք է  սկիզբը դնել փորձված, գրագետ կադրերով, այլ ոչ թե անփորձներով և կիսատ կադրերով։

«Էմոցիային պետք է գումարենք իրատեսությունը, եթե այսօր խոսվում է 10,000 ուսուցչի կրճատման մասին, սա լրջագույն խնդիր է։ Շրջանառության մեջ են դրվել բարձր հարկերի նախագծեր, բայց մենք ասում ենք, որ պետությունը չպետք է լինի մամլիչ մեքենա»,- նկատեց Բաղդասարյանը և հավելեց, որ նույնիսկ նախատեսված չէ աշխատավարձերի բարձրացում, իսկ գործազրկության ծավալները գնալով սահմռկեցուցիչ է դառնում։ 

Ըստ նրա՝ ոչ թե պետք է գնալ պետական ապարատի կրճատումներով, այլ պետք է արդյունավետ նոր գործիքներ կիրառելով ստեղծել հատուկ պետական ստորաբաժանումներ, որոնք կզբաղվեն սոցիալական այն խավի խնդիրներով, որոնք սոցիալական աջակցության խնդիր ունեն։

Իսկ ինչ վերաբերում է նախընտրական ծրագիրն, Արթուր Բաղդասարյանը նշեց, որ դա բաղկացած է 50 կետից, ընտրողներն էլ պետք է լինեն գրագետ ու մտահոգ մարդիկ։