Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը երեկվանից մեկնարկել է: Նկատենք, որ խորհրդարանական այս ընտրությունները մի քանի կարեւոր առանձնահատկություն ունեն. սա լինելու է թավշյա հեղափոխության ճանապարհին եզրափակիչ քայլը՝ ՀՀ-ում ամբողջական իշխանափոխության գործընթացի ավարտը: Մոտ երկու տասնամյակի ընդմիջումից հետո իշխանությունը ձեւավորել է ՀՀ քաղաքացին' վստահ լինելով, որ այս ընտրություններում ընտրակեղծիքներ տեղի չեն ունենա, իր կամքի վրա չեն բռնանա, քվեն չեն գողանա: Ըստ այդմ' ՀՀ-ում վերականգնվելու է իշխանության լեգիտիմությունը:
Միաժամանակ նկատենք, որ ընտրությունների արդյունքներն առավել քան կանխատեսելի են. որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» դաշինքը լինելու է բացարձակ հաղթող, չի կասկածում ոչ ոք, անգամ Փաշինյանի ընդդիմախոսներն են հայտարարում այդ մասին, միայն թե այդ ամենը պատճառաբանում են թավշյա հեղափոխությանը հաջորդած ոգեւորությամբ: Այս համատեքստում «Իմ քայլը» դաշինքից բացի ընտրություններին մասնակից մյուս ուժերը չեն խոսում հաղթանակի, իշխանության գալու մասին, այլ հայտարարում են, թե հենց իրենք են լինելու երկրորդ ուժը: Ասել է թե' 11 քաղաքական ուժերից 10-ն այս ընտրություններում պայքարում է երկրորդ տեղի համար' ի սկզբանե ընդունելով Փաշինյանի ղեկավարած ուժի հաղթանակը, մի հանգամանք, որ նախկինում երբեւէ չէր եղել: Մնում է' այսքանից հետո նոր իշխանությունն արդարացնի հասարակության սպասելիքները, որովհետեւ մեծ առավելությամբ հաղթանակը նաեւ մեծագույն պատասխանատվություն է, մեծագույն բեռ:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: