ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ նոյեմբերի 28-ին, Նոյեմբերյանում սկսած քարոզարշավի ժամանակ անդրադարձավ Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանին։
«Կարեն Ղազարյանի հետ կապված խնդիրը պարզ խնդիր չէ։ Դուք գիտեք, որ Ադրբեջանն, ըստ էության, կիսապաշտոնական առաջարկ է արել՝ բոլորին բոլորի հետ փոխանակել: Ընդ որում՝ Արցախի Հանրապետությունում կա երեք ադրբեջանցի, իսկ Ադրբեջանի կողմում կա երեք հայ։ Թվում է, թե պարզ իրավիճակ է, շատ նորմալ, մարդասիրական առաջարկ է, և ինչո՞ւ Հայաստանը պետք է չընդունի այդ առաջարկը։ Իրականում ամեն ինչ այդքան պարզ չի, որովհետև Արցախի Հանրապետությունում Ադրբեջանի երկու քաղաքացի դատապարտված են, մեկը 20 տարվա, ազատազրկման, մեկը՝ ցմահ բանտարկության, որովհետև նրանք Արցախի Հանրապետության երկու քաղաքացիների են սպանել, ընդ որում՝ մի 15 տարեկան տղայի՝ իրենց տան մեջ։ Եվ հարցը հետևյալն է՝ այդ սպանված քաղաքացիների ընտանիքները կհամաձայնվե՞ն, որ մենք այդ ոճրագործներին վերադարձնենք Ադրբեջանին։ Դուք տեսաք, թե ինչպես Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին հերոսացրին Ադրբեջանում և պարզ է, որ այդ երկու ադրբեջանցիներին, եթե Արցախը համաձայնի վերադարձնել, նրանք այդ ոճրագործներից նոր ռամիլսաֆարովներ են կերտելու։ Մենք ուզո՞ւմ ենք այդպիսի բան։ Մենք ուզո՞ւմ ենք ուղերձ հղել՝ մտեք, հայերին սպանեք և ձեզ կդարձնեն ազգային հերոս»,-ասաց Փաշինյանը։
Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ երբ Թուրքիայի կողմից մի երիտասարդ հատել էր սահմանը, հայկական կողմն առանց նախապայմանների այդ տղային վերադարձրել է իրենց երկիր։
«Մենք, այո՛, այդպիսի երկիր ենք, մենք Ադրբեջանի նման չենք»,-ասաց Փաշինյանը:
Փաշինյանը նշեց նաև, որ վարկած կա , որ Կարեն Ղազարյանին առևանգել են իրենց տնից և այդ վարկածը պետք է ամենայն մանրամասնությամբ հետաքննվի և եթե այդպիսի ապացույցներ լինեն, ապա մեր դիրքերը բանակցություններւմ ավելի կամրապնդվի։