Ֆինանսների նախարարությունը հիմնավոր որոշում է կայացրել Հայաստանի ռեստորանների և սրճարանների հարկման նոր համակարգի վերաբերյալ։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրեց Ֆինանսների նախարարության մամուլի խոսնակ Աննա Վարդանյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ Հայաստանի ռեստորանների միությունը դժգոհում է նոր հարկային համակարգից և ի նշան բողոքի՝ նրանք պատրաստվում են մեկ օրով փակել իրենց դռները։

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Հայկական ռեստորանների միության կոորդինատոր Աշոտ Բարսեղյանը նշել էր․ «Ֆինանսների նախարարությունը թյուր կարծիք ունի ոլորտում ձևավորվող եկամտի մասին և իրենց կարծիքով՝ գերշահույթ է ձևավորվում, այնինչ մեր շահույթի նորման երեք անգամ նորմատիվից ցածր է։ Եվ գների հետագա բարձրացումը կանխել հնարավոր չէ»։ 

Հարցին, թե ստեղծված վիճակում ինչպե՞ս է պատրաստվում արձագանքել ֆինանսների նախարարությունը և արդյո՞ք պատրաստ է զիջումների գնալ, Աննա Վարդանյանը պատասխանեց․

«Նոր փաստարկներ չկան, հարցը բազմիցս քննարկվել է տարբեր մակարդակներում և կայացվել է հիմնավոր որոշում»։

Կարդացեք նաև՝  Հարկատեսակը պետք է փոխվի, թե չէ՝ ռեստորաններում գները կբարձրանան․ ահազանգ

Նշենք, որ 2018 թվականի հուլիսի 1-ից հանրային սննդի բոլոր կետերը աշխատում են հարկման նոր համակարգով․ 1 քմ–ից հարկվող գումար փոխարինվել է 6%–անոց շրջանառության հարկով։ Ինչը ենթադրում է, որ 2019 թվականի հունվարի 1-ից հարկը կբարձրանա մինչև 8%, իսկ 2020 թվականից` մինչև 10%։