«Լուսավոր Հայաստան» կուսակցության երևանյան քարոզարշավը դեկտեմբերի 1-ին մեկնարկեց Դավթաշեն վարչական շրջանից: «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը գլխավորում են ցուցակի երկրորդ համար Մանե Թանդիլյանը և չորրորդ համար Գևորգ Գորգիսյանը: Նրանք քայլեցին վարչական շրջանի կենտրոնական և հարակից փողոցներով, բակերով ու շուկաներով և քաղաքացիներին ներկայացրեցին կուսակցության նախընտրական ծրագրի հիմնադրույթները:

Գևորգ Գորգիսյանը հորդորեց քաղաքացիներին իրենց ձայնը տալ «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը:

« Ընտրեք «Լուսավոր Հայաստան»-ը, որպեսզի միասին կառուցենք վաղվա լուսավոր Հայաստանը: Կառուցենք այն Հայաստանը, որտեղ մարդն է գերագույն արժեք, այն Հայաստանը, որի ուղղությամբ գնում է երկիրը , որտեղ մարդիկ ապրելու են և արարելու են անկաշկանդ: Այդ Հայաստանը կառուցելու համար մենք ունենք արհեստավարժ թիմ և մարդիկ, ովքեր իրենց ոլորտներում հասել են բազմաթիվ հաջողությունների և հիմա պատրաստեն իրենց ողջ փորձը ու գիտելիքները ներդնել Հայաստանի պետականաշինությանը»,- ասաց Գորգիսյանը:

Մանե Թանդիլյանը ասաց, որ դեկտեմբերի 9-ին ՀՀ քաղաքացիները կերտելու են նոր քաղաքական դաշտ, ուստի պետք է գնալ և կառուցել մեր երկիրը ու դարձնել լավագույնը:

« Իսկ լավագույնը լուսավոր է, որովհետեւ լուսավորն է ցրում խավարը, որովհետեւ լուսավոր երկրում են ապրում գիտակից, արժանապատիվ ու լիիրավ քաղաքացիներ: Մեր թիմը հենց այդպիսին է պատկերացնում Հայաստանի ապագան' արժանապատիվ, անհոգ, բարեկեցիկ մանուկներով պետություն, ընտանիքներ, որոնք մեկ օր անգամ չեն մտածում Հայաստանը լքելու մասին: «Լուսավոր Հայաստանը» պատրաստ է կառուցել իր նկարագրած երկիրը: Դրա համար անհրաժեշտ է ձեր վստահության քվեն »,- եզրափակեց Թանդիլյանը:

Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը մեկնարկել է նոյեմբերի 26-ին և կշարունակվի մինչև դեկտեմբերի 7-ը: