«Հրապարակ» թերթը գրում է․

Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները դիտարկելու նպատակով Հայաստան գործուղված ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդները վերջին օրերին ինտենսիվ հանդիպում են պատգամավորության ընդդիմադիր թեկնածուների հետ։ ՀՀԿ-ականները, մեր տեղեկություններով, հատորներով «նյութ» են տրամադրում եվրոպացի գործընկերներին, որոնք կարող են թանկ նստել Հայաստանի իշխանության հեղինակության վրա։

Մասնավորապես, փաստեր են ներկայացնում իրենց նկատմամբ ճնշումների, մարդկանց վախեցնելու, տարածքներում վախի մթնոլորտ հաստատելու, նոր իշխանությունների կողմից տարբեր  գործողությունների վերաբերյալ։ Ընտրության հաջորդ օրը ԺՀՄԻԳ-ը կներկայացնի ընտրությունների նախնական զեկույցը, իսկ դիտորդական առաքելության վերջնական զեկույցը կհրապարակվի մոտ 2 ամիս անց։ Երեկ, օրինակ, նրանք այցելել են Արարատի մարզից ՀՀԿ-ական թեկնածու առաջադրված Մուրադ Մուրադյանին։

«Եկել են մարզի իմ նախընտրական շտաբ, ժամուկես նստել են, հարցնում են՝ բա էս մարդ չի՞ գալիս ձեր շտաբ, ասել եմ՝ չէ, վախենում են։ Հարցրեցին՝ քանի՞ անդամ ունեք մարզում, ասեցի՝ 4 հազար 147, բա տոմս ունե՞ն, ասեցի՝ որ ՀՀԿ անդամ են, ուրեմն տոմս էլ ունեն։ Այո, ամեն ինչ պատմել եմ էս վախի մթնոլորտի մասին, ասել եմ՝ մարզպետը սաղին վախեցնում է, իր շտաբում ամբողջ օրն իրար խփում են, հիմա մեր մոտ անեին, սաղիս հավաքել-տարել էին, երեւի բաց էլ չթողնեին, բայց հիմա կտեսնենք իրանցից ում են բռնում, ինչ են անում»,- ասել է Մուրադյանը։