Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում ոստիկանությունը փորձում է միջամտել «դեղին անթև բաճկոնների» բողոքի ակցիային: Գրանցվել են բախումներ ցուցարարների ու իրավապահների միջև: Միևնույն ժամանակ, շարունակվում են «դեղին անթև բաճկոնների» զանգվածային բողոքի ակցիաները նաև Փարիզում, ըստ վերջին տվյալների՝ ձերբակալվածների թիվը հասել է 480-ի, նրանցից 211-ը կալանավորվել են:

Ըստ Եվրոնյուզի՝ Բրյուսելում  ոստիկանները զինված են վահաններով ու մահակներով և փորձում են ցրել քաղաքի կենտրոնական փողոցներից մեկը փակած ցուցարարներին: Բողոքի ակցիայի անցկացման տարածք է բերվել ոստիկանության հատուկ ջոկատայինների տեղափոխող մի քանի մեքենա, ինչպես նաև ջրցան ու զրահապատ մեքենա: Հայտնի է, որ թաղամասի տարածքում հսկողություն է իրականացնում նաև ոստիկանական ուղղաթիռ:

Ի դեպ, լրատվամիջոցի տարածած տեսանյութում հստակ երևում է, որ կառավարության դեմ բողոքի ակցիաներ իրականացնող ակտիվիստներից մեկը կրում է «Խելքով» գրությամբ գլխարկ: