Չեխիայի ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդու ձերբակալությունից: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Չեխիայի ոստիկանության խոսնակ Յան Դանեկը նշել է, որ Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել է Չեխիայի մայրաքաղաքի Պրահա-5 թաղամասի բնակարաններից մեկում:
«Ձերբակալությունն իրականացվել է ոստիկանական հատուկ գործողությամբ, քանի որ կասկածներ են եղել, որ վերջինս զինված է», - ասել է Դանեկը՝ ավելացնելով, որ Սարգսյանը կմնա նախնական կալանքի տակ, մինչև դատարանը որոշում կկայացնի նրան Հայաստանին արտահանձնելու հարցով:
Դեկտեմբերի 7-ին Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, ինչպես և ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն, համագործակցելով եվրոպական մի շարք երկրների իրավապահ կառույցների ու Ինտերպոլի հետ, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 6-ին Պրահայում հայտնաբերել են ՀՀ իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանին: Հայտնաբերման պահին նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով:
Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ գլխավոր դատախազությանը՝ էքստրադիցիայի գործընթացը կազմակերպելու նպատակով:
Հիշեցնենք, որ հունիսի 26-ին հարուցվել էր քրեական գործ՝ քրեական օրենսգրքի ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով:
Հուլիսի 6-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում:
«Ոստիկանությունը ևս մեկ անգամ հաստատեց, որ չկան չբացահայտվող հանցագործություններ, չկան չհայտնաբերվող հետախուզվողներ, երբ գերխնդիրը արդարադատության իրականացումն է, և գործում է պրոֆեսիոնալ ու հետևողական ոստիկանական համակարգ»,- ասված է ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ: